AM
19 Սեպտեմբեր 2025 - 13:36 AMT

Արամ Ա-ն հորդորել է Վատիկանին նպաստել Արցախի գերեվարված ղեկավարների ազատ արձակմանը

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը Հռոմի պապ Լեոն 14-ի անձնական ներկայացուցչին՝ կարդինալ Ջորջ Կուվակատին կոչ է արել բոլոր հնարավոր միջոցներով հետամուտ լինել Բաքվում Ադրբեջանի իշխանությունների կողմից կալանավորված Արցախի քաղաքական և ազգային ղեկավարների շուտափույթ ազատ արձակման հրամայականին, հայտնում է Sputnik Արմենիան Cilicia TV-իի վրա հղումով։

«Շատ գոհ կլինենք, եթե Վատիկանը շարունակի միշտ հիշեցնել Ադրբեջանին և միջազգային հանրությանը՝ հայկական եկեղեցիների և պատմամշակութային կոթողների անվտանգ պահպանման կենսական կարևորությունը՝ համաձայն միջազգային օրենքի»,– ասել է Արամ Ա–ն։

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ընթացող գագաթնաժողովի շրջանակում կայացած այս հանդիպման ժամանակ կաթողիկոսը հատուկ անդրադարձ է կատարել Վատիկանի և Ադրբեջանի միջև ձևավորվող հարաբերություններին։ Նա շեշտել է, որ այդ համատեքստում պետք է արժանի ուշադրություն դարձնել Արցախի հայ բնակչության, նրանց կրոնական կառույցների և մշակութային ժառանգության հանդեպ Ադրբեջանի վարքագծին, որն ըստ նրա՝ համահունչ չէ ո՛չ պատմությանը, ո՛չ էլ ներկա իրողություններին։

2023 թ․ սեպտեմբերին, Արցախում իննամսյա շրջափակումից և ամբողջ հայ բնակչության էթնիկ զտումից հետո, Ադրբեջանը գերեվարել է Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, ինչպես նաև նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, արտգործնախարար Դավիթ Բաբայանին և մի շարք այլ նախկին ղեկավարների։ Նրանց ներկայացված կեղծ մեղադրանքները կարող են հանգեցնել նույնիսկ ցմահ ազատազրկման։ Հունվարի 17-ին Բաքվում սկսվել է Արցախի ղեկավարների գործով շինծու դատավարությունը։