Մուհամեդ Ումախանովի անվան միջազգային մրցաշարի շրջանակում, որը անցկացվում է Կասպիյսկ քաղաքում, Հայաստանի մինչև 23 տարեկանների հավաքականից 3 բռնցքամարտիկ դուրս է եկել եզրափակիչ, տեղեկացնում է Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիան։
Ռուդիկ Մկրտչյանի և Ռոբերտ Պետրոսյանի գլխավորությամբ մրցավայր մեկնած հայկական հավաքականից եզրափակիչ փուլ են անցել՝ 63.5 կգ քաշային Մանվել Պետրոսյանը, 71 կգ քաշային Հարություն Հակոբկոխյանը և 75 կգ քաշային Մարատ Միքայելյանը։
Կիսաեզրափակիչում Պետրոսյանը հաղթել է Ուզբեկստանը ներկայացնող մարզիկին, Հակոբկոխյանը՝ Վենեսուելայի, իսկ Միքայելյանը՝ Ռուսաստանի ներկայացուցիչին։
Մրցաշարի եզրափակիչ մենամարտերը նախատեսվում է անցկացնել սեպտեմբերի 20-ին։
Հայկական ընտրանին մասնակցում է մրցաշարին Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի նախաձեռնությամբ։ Մրցաշարը նաև ծառայել է որպես նախապատրաստական փուլ՝ նոյեմբերին Երևանում կայանալիք մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը։






