ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին շփոթել է և Հայաստանը անվանել «Ալբանիա»՝ ասելով, թե դադարեցրել է նրա «սարսափելի պատերազմը» Կամբոջայի հետ։
Նա ասել է, թե Ալբանիան (Հայաստան) կռվել է Կամբոջայի հետ, բայց ինքը կանգնեցրել է այդ պատերազմը: Թրամփն այդ մասին ասել է սեպտեմբերի 20–ին Cornerstone ինստիտուտի հիմնադիրների հետ հանդիպմանը, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։
«Մենք դադարեցրել ենք Կամբոջայի և Ալբանիայի (Հայաստանի) միջև հակամարտությունը։ Այն նոր էր սկսվել և դա վատ կոնֆլիկտ էր…Մենք հիմա ունենք Կամբոջա, Հայաստան։ Մենք ունենք Կոսովո, Սերբիա, Իսրայել, Իրան, Եգիպտոս, Եթովպիա»,- նշել է նա։
Թրամփն արդեն մի քանի անգամ է Հայաստանն Ալբանիա է անվանում , իսկ Ադրբեջանին՝ «Աբերբայջան»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 18–ի ճեպազրույցում, անդրադառնալով Դոնալդ Թրամփի կողմից Հայաստանը որպես Ալբանիա ներկայացնելուն, ասել է, որ ցանկացած մարդ և երկրի ղեկավար իր վրիպակներն ըստ պատեհության ուղղում է և ԱՄՆ նախագահը դա արդեն իսկ արել է, այդ թվում՝ իր թվիթերյան վերջին գրառման մեջ։
Սեպտեմբերի 18–ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին շփոթել է Հայաստանն Ալբանիայի հետ՝ խոսելով Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման մասին։ Նա ասել է այդ մասին Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Սեպտեմբերի 12-ին ԱՄՆ ղեկավարը նմանատիպ սխալ էր թույլ տվել նաև Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։ ԱՄՆ նախագահը նման սխալ էր թույլ տվել նաև օգոստոսին՝ ամերիկացի լրագրող Մարկ Լևինին տված հարցազրույցում։






