Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ մի շարք արևմտյան երկրների կողմից Պաղեստինի պետության ճանաչմանը Իսրայելի պատասխանը կհայտարարվի միայն այն բանից հետո, երբ ինքը վերադառնա ԱՄՆ–ից։
«Չի լինի Պաղեստինի պետություն Հորդանանի արևմուտքում։ Մեր հողի սրտում ահաբեկչական պետություն հաստատելու փորձերին պատասխանը կտրվի ԱՄՆ-ից իմ վերադարձից հետո,» ասել է վարչապետը, գրում է The Jerusalem Post-ը։
Իսրայելի պաշտոնյաների փոխանցմամբ՝ վերջերս տեղի ունեցած բանակցությունների ժամանակ՝ այդ թվում ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի այցի ընթացքում, ամերիկյան վարչակազմը չի սահմանափակել Իսրայելի հնարավոր քայլերը միակողմանի ճանաչմանն ի պատասխան։
«Ամերիկյան ուղերձը հստակ էր. եթե կա միակողմանի ճանաչում, կարող եք ձեռնարկել միակողմանի քայլեր»,–ասել են քննարկումներին ծանոթ երկու աղբյուրներ։
Իսրայելի իշխանությունները նաև դիտարկում են այն երկրների դեմ պատասխան քայլեր, որոնք ճանաչել են Պաղեստինը։ Դիտարկվող տարբերակների թվում է այդ երկրների դեսպանատների փակումը՝ հատկապես այն օտարերկրյա ներկայացուցչությունների, որոնք կապեր ունեն Պաղեստինյան ինքնավարության հետ։
Բացի այդ, մեկ այլ իսրայելական պաշտոնյայի փոխանցմամբ, քննարկվում են նաև օտարերկրյա դիվանագետների արտաքսումն ու համատեղ նախագծերի դադարեցումը։
Սեպտեմբերի 21–ին Կանադան, Մեծ Բրիտանիան և Ավստրալիան ճանաչել են Պաղեստինի պետությունը։ Մի քանի ամիս առաջ դա արել է նաև ՀՀ–ն։






