Բրիտանիան, Կանադան և Ավստրալիան հայտարարել են Պաղեստինի պետությունը ճանաչելու մասին։ Ֆրանսիան ևս մտադիր է դա անել։
Իսրայելում այս որոշումը որակում են որպես «կապիտուլացիա ահաբեկչության առջև»՝ հիշեցնելով, որ ՀԱՄԱՍ‑ը Գազայի հատվածում դեռևս պահում է տասնյակ իսրայելցի գերիների, որոնք գերեվարվել են 2023‑ի հոկտեմբերի 7–ին ահաբեկիչների կողմից։ ՀԱՄԱՍ‑ը ահաբեկչական է ճանաչված Իսրայելում, Միացյալ Նահանգներում և Եվրոպական Միությունում։
Կանադայի վարչապետ Մարկ Քարնի ասել է, որ «ներկայիս Իսրայելի կառավարությունը համակարգված կերպով աշխատում է, որպեսզի թույլ չտա Պաղեստինի պետության ստեղծում։»
Քառնի նշել է, որ Պաղեստինի ինքնավարությունը համագործակցում է Կանադայի և միջազգային համայնքի հետ՝ եկող տարի ընտրություններ անցկացնելու շուրջ, հայտնում է BBC-ն։
Ավստրալիայի կառավարության հայտարարությամբ՝ «այսօր Պաղեստինի պետությունը ճանաչելը, Կանադայի և Բրիտանիայի հետ զուգահեռ, մաս է կազմում միջազգային ջանքերի, որոնց նպատակն է լուծում գտնել երկու պետությունների սկզբունքով»։
Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն ասել է. «Հույսը խաղաղության լուծման վրա երկու պետությունների սկզբունքով մարում է, բայց մենք չենք կարող թույլ տալ, որ այն մարած լինի։»
Միաժամանակ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել ՀԱՄԱՍ‑ի նկատմամբ, որը ճանաչված է ահաբեկչական։
Պաղեստինի ինքնավարության ղեկավար Վարսեն Աղաբեկյանը ասել է, որ պետության ճանաչումը քայլ է, որը պահպանում է երկու պետությունների գոյակցության սկզբունքը և մոտեցնում է Պաղեստինի անկախությունը և ինքնիշխանությունը, հայտնել է Reuters-ը։
«Հնարավոր է, որ պատերազմը վաղը չավարտվի, բայց սա առաջընթացի քայլ է, որը պետք է զարգացնենք», — ասել է նա։
Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը քննադատել է Ավստրալիայի, Բրիտանիայի ու Կանադայի որոշումը՝ այն «նվեր» համարելով ՀԱՄԱՍ‑ին։ Իսրայելական ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն‑Գվիրը հայտարարել է, որ առաջարկելու է առաջիկա կառավարության նիստում վերահսկողություն հաստատել Հորդանան գետի Արևմտյան ափին և կոչ անել լուծարել Պաղեստինի ինքնավարությունը։
Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն հայտարարել է, որ որ մի շարք արևմտյան երկրների կողմից Պաղեստինի պետության ճանաչմանն Իսրայելի պատասխանը կհայտարարվի միայն այն բանից հետո, երբ ինքը վերադառնա ԱՄՆ–ից։
«Չի լինի Պաղեստինի պետություն Հորդանանի արևմուտքում։ Մեր հողի սրտում ահաբեկչական պետություն հաստատելու փորձերին պատասխանը կտրվի ԱՄՆ-ից իմ վերադարձից հետո»,– ասել է վարչապետը։
2024–ի հունիսի 21–ին ՀՀ–ն ճանաչել է Պաղեստինի պետությունը։ Պաղեստինը շնորհակալությամբ, Իսրայելը կոշտ քննադատությամբ է արձագանքել Պաղեստինի պետությունը ճանաչելու Հայաստանի որոշմանը:






