Հայաստանից արտահանումն այս տարվա առաջին կիսամյակում նվազել է 52.8 տոկոսով, սակայն հայկական ծագման ապրանքների արտահանումն աճել է 10.3 տոկոսով:Այդ մասին հայտարարել է Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում՝ ներկայացնելով 2025 թվականի պետական բյուջեի կատարման առաջին վեցամսյակի վերաբերյալ տեղեկանք։
Նախարարի խոսքով․ «Հայաստանից արտահանումը նվազել է 52.8 տոկոսով: Դրա պատճառը ոսկու, արծաթի և պլատինի վերաարտահանման կտրուկ նվազումն է: Իսկ ամենակարևորն ու ուրախալին այն է, որ հայկական ծագման ապրանքների արտահանումն աճել է 10.3 տոկոսով», հայտնում է Արմենպրեսը։
Հունվար–հունիսին ապրանքների ներմուծումը նվազել է 38.6 տոկոսով, որը նույնպես պայմանավորված է վերաարտահանման կտրուկ նվազմամբ: Հովհաննիսյանի խոսքով՝ վերաարտահանման ազդեցությունը հանած՝ ներմուծման աճը կազմել է մոտ 7 տոկոս:
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը օրեր առաջ հայտարարել էր, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտուրը «զգալիորեն կրճատվել է» և մինչև տարեվերջ «գուցե հասնի նախորդ տարվա ցուցանիշների կեսին»։
«Եթե նախորդ տարի առևտուրը կազմել է 12․4 մլրդ դոլար, ապա այս տարի, ամենայն հավանականությամբ, այն կլինի մոտ 6 մլրդ-ի սահմաններում»,–ասել էր Օվերչուկը:






