AM
23 Սեպտեմբեր 2025 - 07:27 AMT

Բաբայանը և այլոք Բաքվի դատարանին հորդորել են հարցաքննել Փաշինյանին, Միրզոյանին և ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին

Սեպտեմբերի 22‑ին Բաքվի ռազմական դատարանում ընթացող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ շինծու գործերով դատական ֆարսի ժամանակ Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը և այլոք հորդորել են դատարանին հարցաքննել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին, ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին, ԵԱՀԿ ՄԽ հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին։

Դավիթ Մանուկյանը խնդրել է դատարանին կանչել նիստին Փաշինյանին որպես վկա կամ ապահովել նրա մասնակցությունը տեսակապի միջոցով, գրում է APA-ն։

Դավիթ Բաբայանն ասել է․ «Այս մարդիկ մեզ ճանաչում են, և մենք անմիջական կապ ենք ունեցել։ Նրանք շատ լավ վկաներ կլինեն»։

Դավիթ Իշխանյանը խնդրել է որպես վկաներ ներգրավել ռուս խաղաղապահ զորքերի բարձրաստիճան զինվորականների, այդ թվում՝ գեներալներ Մուրադովին, Կոսոբոկովին, Անաշկինին, Վոլկովին, Լենցովին և Կուլակովին։

«Ես մի շարք հարցեր ունեմ նրանց։ Նրանք անմիջական կամ անուղղակի կապ են ունեցել այս 15 մարդկանց հետ, ովքեր այստեղ են։ Կրկնում եմ՝ անմիջական կամ անուղղակի։ Կարծում եմ՝ դատարանն էլ հարցեր կունենա նրանց։ Նույնիսկ եթե դա անհնար լինի, դուք կարող եք ապահովել նրանց մասնակցությունը այստեղ տեսազանգով», — ասել է նա։

Գլխավոր դատախազի ավագ օգնական Վյուսալ Ալիևը նշել է, որ այս պահին ուսումնասիրվում են պաշտպանական կողմի ներկայացրած փաստաթղթերը։

Նա ընդգծվել է, որ այն անձինք, որոնց կանչման համար միջնորդություն է ներկայացրել մեղադրյալ կողմը, որևէ առնչություն չունեն այս պահին քննվող մեղադրանքների հետ։

Այս հիմքով դատախազը խնդրել է մերժել բոլոր միջնորդությունները։

Դատարանի նախագահը, լսելով կողմերին, որոշել է մերժել միջնորդությունները։

Դատական որոշման մեջ նշվել է, որ պաշտպանական կողմը չի նշել, թե ինչ հանգամանքներ պետք է ուսումնասիրվեն, որքանով են դրանք կարևոր և ինչպես են կապված ներկայացված մեղադրանքների հետ։

Ավելի վաղ Փաշինյանին և ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին հարցաքննելու միջնորդությամբ էր հանդես եկել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի պաշտպանը։ Վարդանյանի գործն առանձին է քննվում է։ Նրա միջնորդությունը ևս մերժվել էր։