AM
23 Սեպտեմբեր 2025 - 09:12 AMT

Ֆրանսիան ճանաչել է Պաղեստինի պետությունը

Ֆրանսիան միացել է մի շարք արևմտյան երկրներին՝ ճանաչելով Պաղեստինի պետությունը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել է, որ սա արվում է «հանուն խաղաղության»։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Միավորված Ազգերի գլխավոր վեհաժողովում հայտարարել է, որ պաղեստինյան պետության ճանաչումը « միակ լուծումն է, որը թույլ կտա Իսրայելին ապրել խաղաղ»: Նա անվանել է դա «Հատուցում Համասի դիմաց», հայտնում է CNN-ը։

«Պետք է անենք հնարավորը, որ լուծումը լինի երկու պետության՝ Պաղեստինի և Իսրայելի, գոյակցությունը կողք կողքի, խաղաղ և անվտանգ»,–ասել է նա։

«Սեպտեմբերի 22-ի նախաձեռնությունն ամրագրված է Պաղեստինյան վարչակազմի նախագահի՝ Մակրոնին փոխանցած կոնկրետ պարտավորություններով՝ բանտարկյալների վերաբերյալ օրենք, կրթական համակարգի բարեփոխում և հաջորդ ընտրությունների անցկացում բարելավված ընտրական համակարգով։ Այդպիսով, ճանաչումը ներկայացվում է որպես միջոց՝ ակնկալվող իրական օգուտներ բերելու խաղաղությանը», — ասվում է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ:

Միացյալ Թագավորությունը, Կանադան, Ավստրալիան եւ Պորտուգալիան ճանաչել են Պաղեստինյան պետությունը սեպտեմբերի 21–ին՝ միանալով ՄԱԿ անդամ ավելի քան 145 երկրի, որոնք արդեն իսկ ընդունում են Պաղեստինի պետությունը, սակայն այս քայլը հիմնականում խորհրդանշական է առանց Միացյալ Նահանգների աջակցության, որը կարող է վետո դնել անդամակցության հարցում:

Պաղեստինի ինքնավարության ղեկավար Վարսեն Աղաբեկյանը ասել է, որ պետության ճանաչումը քայլ է, որը պահպանում է երկու պետությունների գոյակցության սկզբունքը և մոտեցնում է Պաղեստինի անկախությունը և ինքնիշխանությունը, հայտնել է Reuters-ը։

«Հնարավոր է, որ պատերազմը վաղը չավարտվի, բայց սա առաջընթացի քայլ է, որը պետք է զարգացնենք», — ասել է նա։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է.«Չի լինի Պաղեստինի պետություն Հորդանանի արևմուտքում։ Մեր հողի սրտում ահաբեկչական պետություն հաստատելու փորձերին պատասխանը կտրվի ԱՄՆ-ից իմ վերադարձից հետո»։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախորդ շաբաթ նշել է, որ համաձայն չէ Մեծ Բրիտանիայի՝ Պաղեստինը ճանաչելու որոշման հետ, սակայն չի մանրամասնել, թե ինչպես կարող է ճնշում գործադրել Իսրայելի վրա՝ պատերազմը դադարեցնելու ուղղությամբ:

«Վաշինգտոնը գիտակցում է, որ ճանաչումը կարող է դատարկ ժեստ մնալ, եթե այն չուղեկցվի տնտեսական, իրավական կամ դիվանագիտական հստակ քայլերով, որոնք կստիպեն Իսրայելին վերադառնալ բանակցությունների սեղան»,- ասել է Ֆորթին՝ հիշեցնելով միջոցներ, ինչպիսիք են երկկողմանի պատժամիջոցները, ԵՄ-ի միացյալ քայլերը կամ նոր բանաձևերը ՄԱԿ-ում։

Նա հավելել է, որ ԱՄՆ-ն «հույս ունի, որ երկրները առայժմ չեն գնա ավելիի»:

Սեպտեմբերի սկզբին ՄԱԿ-ի 142 անդամ պետություններ ընդունել են Նյու Յորքի հռչակագիրը՝ բանաձև, որն աջակցում է երկպետական լուծման քայլերին և կոչ է անում ստեղծել առանց Համասի պաղեստինյան կառավարություն։

2024–ի հունիսի 21–ին ՀՀ–ն ճանաչել է Պաղեստինի պետությունը։ Պաղեստինը շնորհակալությամբ, Իսրայելը կոշտ քննադատությամբ է արձագանքել Պաղեստինի պետությունը ճանաչելու Հայաստանի որոշմանը: