Ֆրանսիայի Ազգային ժողովում սեպտեմբերի 18-ին կայացած խորհրդաժողովում բարձրացվել է բռնի տեղահանված արցախցիների իրավունքների պաշտպանության հարցը՝ արցախահայության հայրենազրկումից երկու տարի անց։ Նախաձեռնողը եղել է պատգամավոր և Ֆրանսիա–Հայաստան բարեկամության խմբի փոխնախագահ Էմանուել Մանդոնը, հայտնում է «Արցախ միությունը»։
«Միջոցառմանը մասնակցում էին ֆրանսիայի, Շվեյցարիայի, Բելգիայի և Եվրախորհրդարանի պատգամաորներ, դիվանագետներ, փորձագետներ, համալսարանականներ, մտավորականներ, լրագրողներ, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների բարձր ներկայացուցիչներ, որոնք վերահաստատեցին իրենց պատրաստակամությունը գործնական աջակցություն ցուցաբերելու Արցախի բռնի տեղահանված ժողովրդի վերադարձի իրավունքին»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Խորհրդաժողովի մեկնարկային հատվածում քննարկվել են Հարավային Կովկասում ընթացող աշխարհաքաղաքական փոփոխությունները և դրանց ազդեցությունը արցախահայության վրա։ Ըստ մասնակիցների՝ բռնի տեղահանության համար պատասխանատվության բացակայությունը վտանգի տակ է դրել միջազգային իրավակարգը։ Այս համատեքստում ընդգծվել է, որ ինչպես ֆրանսիացի, այնպես էլ եվրոպացի պատգամավորները պարտավորվել են թույլ չտալ արցախահայության նկատմամբ իրականացված էթնիկ զտման մոռացության մատնումը և շարունակելու են ճնշում գործադրել իրենց կառավարությունների վրա՝ միջազգային իրավունքը հարգելու ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկելու համար։
Խորհրդաժողովի երկրորդ հատվածում ուշադրության կենտրոնում է գտնվել խորհրդարանական դիվանագիտության դերը։ Շեշտադրվել է, որ անհրաժեշտ է ամրապնդել կապերը եվրոպական խորհրդարանների և Արցախի Հանրապետության խորհրդարանի միջև՝ վերադառնալու իրավունքն արտաքին քաղաքական օրակարգում պահելու և միաժամանակ հայ ռազմագերիների ու քաղաքական բանտարկյալների անհապաղ ազատ արձակումը պահանջելու համար։
Առանձին անդրադարձ է կատարվել Ֆրանսիա–Արցախ բարեկամության շրջանակի նախաձեռնությանը։ Այն հանդես է եկել նախաձեռնությամբ՝ ֆրանսիացի օրենսդիրների ստորագրություններ հավաքագրելու նպատակով՝ ի պաշտպանություն Արցախի բռնի տեղահանված բնակչության վերադարձի իրավունքի, ինչպես նաև Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման պահանջով։
Միջոցառումն ամփոփել է Ֆրանսիայում Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, ով իր երախտագիտությունն է հայտնել մասնակիցներին՝ հորդորելով շարունակել Արցախի արդար պայքարը. «Քաղաքականությունն այն հզոր ուժն է, որ ունակ է վճռական գործողությամբ փոխել իրականությունը, ուստի առաջարկում եմ, որ համարձակվենք պայքարել բռնության նկատմամբ արդարության հաղթանակն ապահովելու համար։
Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։






