AM
24 Սեպտեմբեր 2025 - 09:43 AMT

Բաքվի դատարանում «տուժողներն» իրենց վիրավորումների մասին են պատմել պատերազմին երբևէ չմասնակցած Վարդանյանին

Սեպտեմբերի 23-ին Բաքվի ռազմական դատարանում շարունակվել է Արցախի նախկին պետնախարար, հայտնի գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու գործերով դատական ֆարսը։

Հերթական նիստում այսպես կոչված «տուժողները» Արցախի տարածքում մարտական գործողությունների ժամանակ ստացած իրենց վիրավորումների մասին են պատմել ռազմական գործողությունների երբևէ չմասնակցած Վարդանյանին։

Նիստը նախագահել է դատավոր Զեյնալ Աղաևը՝ դատավորներ Անար Ռզաևի և Ջամալ Ռամազանովի մասնակցությամբ, գրում է Azertag-ը։

Դատավոր Աղաևը ներկայացրել է դատական կազմը, պետական մեղադրողներին, թարգմանիչներին և մյուս մասնակիցներին՝ առաջին անգամ դատական նիստին մասնակցող «տուժածներին» և նրանց իրավահաջորդներին, ինչպես նաև պարզաբանել նրանց իրավունքներն ու պարտականությունները։

Դատարանը լսել է ավելի քան 40 մարդու ցուցմունք։

Դատական հաջորդ նիստը նշանակվել է սեպտեմբերի 30-ին։

2023 թ․ սեպտեմբերին, Արցախում իննամսյա շրջափակումից և ամբողջ հայ բնակչության էթնիկ զտումից հետո, Ադրբեջանը գերեվարել է Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, ինչպես նաև նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, արտգործնախարար Դավիթ Բաբայանին և մի շարք այլ նախկին ղեկավարների։ Նրանց ներկայացված կեղծ մեղադրանքները կարող են հանգեցնել նույնիսկ ցմահ ազատազրկման։ Հունվարի 17-ին Բաքվում սկսվել է Արցախի ղեկավարների գործով շինծու դատավարությունը։ Ռուբեն Վարդանյանի գործն առանձին է քննվում։