AM
24 Սեպտեմբեր 2025 - 14:40 AMT

ՌՀՄ նախագահ․ ՀՀ հանրությունն ու առանձին քաղաքացին գնալով ավելի անպաշտպան են դառնում

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, մեկնաբանելով Փարաքարի համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանությունը, նշել է, որ Հայաստանի քաղաքացիները ավելի հաճախ են հայտնվում անպաշտպան՝ ոստիկանության ուժերի ուժեղացման պայմաններում, որոնք «ուղղված միայն իշխանության թիմի պաշտպանությանը», հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Փարաքարի համայնքի ղեկավար Վալոդյա Գրի­գորյանի և Կարեն Աբրահամյանի սպանությունը շոկի է ենթարկել ամբողջ հայ հանրությանը, սակայն, ցավոք, չի զարմացրել։ Այս հանցագործությունը դարձել է ևս մեկ դրվագ արտաքին և ներքին անվտանգության երաշխիքների բացակայության համակարգում, որը վերջին տարիներին կառուցվում է Հայաստանում։ Փաստորեն Հայաստանի հասարակությունը և յուրաքանչյուր առանձին քաղաքացի օրեցօր ավելի անպաշտպան են դառնում՝ ոստիկանության համակարգի ամրապնդման ֆոնին, որն ուղղված է իշխանական թիմի շահերը պաշտպանելուն և սպասարկելուն», — ասել է Աբրահամյանը։

Նա հավելել է, որ այս սպանությունը ողբերգություն է ոչ միայն մահացածների հարազատների և նրանց ընկերների համար։

«Սա մեծ դրամա է ամբողջ հասարակության համար, նրանց համար, ովքեր այսօր դարձել են Նիկոլ Փաշինյանի քաղաքականության զոհերը», — կարծում է Աբրահամյանը։

Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23։52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։ Նա «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ էր, Փարաքարի համայնքապետ էր ընտրվել 2025–ի ապրիլին։ Գրիգորյանը 4 երեխայի հայր է։