Հայաստանի տնտեսության ակտիվությունը 2025 թվականի առաջին ութ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 7.1 տոկոսով։ Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ օգոստոսին ցուցանիշը 5.4 տոկոսով բարձր է եղել հուլիսի մակարդակից, իսկ 2024 թվականի օգոստոսի համեմատ՝ աճել է 7.5 տոկոսով։
Միաժամանակ, արդյունաբերական արտադրանքի ծավալը հաշվետու շրջանում նվազել է 7.8 տոկոսով՝ հասնելով 1 տրիլիոն 770 միլիարդ 561.4 միլիոն դրամի։ Սակայն օգոստոսին արդյունաբերական արտադրանքն աճել է թե՛ հուլիսի (10.7%) և թե՛ նախորդ տարվա օգոստոսի (5.8%) համեմատ՝ կազմելով 268 միլիարդ 813.1 միլիոն դրամ, հայտնում է Արմենպրեսը։
Շինարարության ոլորտում շարունակվել է զգալի աճ։ Հունվար-օգոստոսին այն կազմել է 374 միլիարդ 853.1 միլիոն դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 20.4 տոկոսով։ Մեկ ամսվա կտրվածքով՝ օգոստոսին հուլիսի համեմատ գրանցվել է 19.4 տոկոսի աճ, իսկ նախորդ տարվա օգոստոսի համեմատ՝ 21.1 տոկոս։
Առևտրի շրջանառությունը տարեսկզբից հասել է 4 տրիլիոն 140 միլիարդ 619.6 միլիոն դրամի՝ 3.9 տոկոսով գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը։ Օգոստոսին՝ հուլիսի համեմատ, աճը կազմել է 1.2 տոկոս, իսկ նախորդ տարվա օգոստոսի համեմատ՝ 1.7 տոկոս։
Առևտրից բացի ծառայությունների ոլորտում ևս աճ է գրանցվել։ Առանց առևտրի ծառայությունների ծավալը կազմել է 2 տրիլիոն 596 միլիարդ 488.3 միլիոն դրամ՝ 10.2 տոկոսով գերազանցելով 2024-ի նույն ժամանակահատվածի մակարդակը։ Օգոստոսին՝ հուլիսի համեմատ, աճը կազմել է 3.8 տոկոս, իսկ նախորդ տարվա օգոստոսի համեմատ՝ 6.7 տոկոս։
Սպառողական գների ինդեքսը 2025-ի հունվար-օգոստոսին նախորդ տարվա համեմատ աճել է 3.2 տոկոսով։ Օգոստոսին՝ հուլիսի համեմատ, աճը կազմել է 0.2 տոկոս, իսկ նախորդ տարվա օգոստոսի համեմատ՝ 3.6 տոկոս։
Արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը հաշվետու ութ ամիսներին աճել է 2.8 տոկոսով։ Օգոստոսին՝ հուլիսի համեմատ, այն նվազել է 0.6 տոկոսով, սակայն նախորդ տարվա օգոստոսի համեմատ գրանցվել է 5.1 տոկոս աճ։
Էլեկտրաէներգիայի արտադրությունը ևս աճել է՝ կազմելով 5 միլիարդ 951.9 միլիոն կիլովատ/ժամ, ինչը 3.6 տոկոսով բարձր է նախորդ տարվա նույն ցուցանիշից։ Օգոստոսին արտադրությունն ավելացել է 10.6 տոկոսով հուլիսի համեմատ՝ կազմելով 854 միլիոն կՎտ.ժամ։ Դա 13 տոկոսով բարձր է 2024 թվականի օգոստոսի մակարդակից։
Հաշվետվության մեջ ընդգծվում է, որ ներկայացված տվյալները չեն ներառում էլեկտրաէներգիայի փոխհոսքերի մասով ինքնավար արտադրողների ցուցանիշները՝ համադրելիության ապահովման նպատակով։
Հաշվետու ժամանակահատվածում գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալի և միջին ամսական անվանական աշխատավարձի վերաբերյալ տվյալներ չեն ներկայացվել:






