ԱՄՆ-ի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտնել է, որ պարբերական խորհրդակցություններ է ունենում Թուրքիայի ներկայացուցիչների հետ՝ Հարավային Կովկասին վերաբերող հարցերի շուրջ։
Նա մանրամասնել է, որ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքի միջոցով Ադրբեջանի, Հայաստանի և Ուկրաինայի հետ կապված հարցերի շուրջ խորհրդակցում է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի և Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալընի հետ, հայտնում է «Ազատությունը»։
Ուիթքոֆը հավելել է, որ այս տեսակ շփումները խրախուսվում են Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից։
«Օրինակ՝ ես զանգահարում եմ Թոմին և հարցնում, թե ինչ կարծիք ունի Իբրահիմը այս կամ այն հարցի վերաբերյալ։ Ես կարող եմ շատ նման օրինակներ բերել», – ասել է Ուիթքոֆը Նյու Յորքում Concordia ամենամյա գագաթնաժողովին ելույթի ընթացքում։
Նրա խոսքով՝ թուրքական դիվանագիտությունը և հետախուզական համակարգը զգալի ազդեցություն ունեն Վաշինգտոնի՝ տարածաշրջանային քաղաքականություն մշակող շրջանակների համար։
Ավելի վաղ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը, անդրադառնալով տարածաշրջանում հաղորդակցային ուղիների ապաշրջափակման թեմային, ասել էր, որ Միացյալ Նահանգներում նման խնդիրները հնարավոր կլիներ լուծել, օրինակ, ճանապարհը 100 տարով վարձակալելու տարբերակով, ինչը թույլ կտար բոլոր կողմերին օգտվել այդ ճանապարհից, սակայն հավելել է, որ Հարավային Կովկասում մշակութային տարբերությունները նման մոտեցման իրագործումը դժվարեցնում են։






