Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ընդհանուր ծավալը 2025 թվականի հունվար-օգոստոս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կրճատվել է 41.1 տոկոսով՝ հասնելով 12 միլիարդ 942.7 միլիոն դոլարի։ Այս տվյալը հրապարակել է ՀՀ վիճակագրական կոմիտեն:
Միայն օգոստոս ամսին, հուլիսի համեմատ, առևտրաշրջանառությունը կրճատվել է 13.8 տոկոսով, իսկ նախորդ տարվա օգոստոսի համեմատ՝ 33.7 տոկոսով։ Ամռան վերջին ամսին արտաքին առևտրի ծավալը կազմել է 1 միլիարդ 519.4 միլիոն դոլար, հայտնում է Արմենպրեսը։
Տարվա առաջին ութ ամիսներին արտահանումը նվազել է 48.8 տոկոսով՝ 2024-ի նույն ժամանակահատվածի համեմատ՝ կազմելով 5 միլիարդ 900 հազար դոլար։ Օգոստոսին, հուլիսի համեմատ, արտահանումը նվազել է 16.5 տոկոսով, իսկ 2024 թվականի օգոստոսի համեմատ՝ 40.8 տոկոսով։ Այս տարվա օգոստոսին Հայաստանից արտահանված ապրանքների ծավալը կազմել է 586.3 միլիոն դոլար։
Ներմուծման ծավալը հունվարից մինչև օգոստոս ընկած հատվածում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 34.9 տոկոսով՝ հասնելով 7 միլիարդ 941.8 միլիոն դոլարի։ Օգոստոսին ներմուծումը հուլիսի համեմատ նվազել է 12.1 տոկոսով՝ կազմելով 933.1 միլիոն դոլար, իսկ նախորդ տարվա օգոստոսի համեմատ՝ կրճատվել է 28.3 տոկոսով։
Ամերիկյան դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին փոխարժեքը 2025-ի հունվար-օգոստոս ամիսներին կազմել է 389.39 դրամ, իսկ օգոստոս ամսին՝ 383.19 դրամ։






