Մոսկվայի կենտրոնում՝ Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան շենքի մոտ, մի խումբ քաղաքացիներ կազմակերպել են բողոքի ակցիա՝ վանկարկելով «Նիկոլ, դավաճան», «Նիկոլ, թշնամի» կարգախոսները։
Ռուսական տելեգրամյան ալիքների փոխանցմամբ՝ ցուցարարները դժգոհություն են հայտնել Հայ առաքելական եկեղեցու դեմ իրականացվող քայլերից, ինչպես նաև Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի և արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի ազատազրկման փաստից, գրում է Sputnik Արմենիան։
Բողոքի պատճառներից է նաև արդեն կայացված մեղադրական դատավճիռը, որը վերաբերում է Միքայել սրբազանին։
«Աղոթում ենք, որ Աստված պահպանի և անսասան պահի Միքայել և Բագրատ արքեպիսկոպոսներին, ազգային բարերար Սամվել Կարապետյանին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր ապօրինի ազատազրկված են»,- իր խոսքում ասել է բողոքի ակցիայի մասնակից հոգևորականներից մեկը։
Բողոքի ակցիան համընկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցի հետ. նա մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու «Համաշխարհային ատոմային շաբաթ» խորագրով համաժողովին։
Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վերջին անգամ հանդիպել են 2025 թվականի օգոստոսի 31-ին՝ Չինաստանում կայացած Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում։






