Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանում իր ելույթը սկսել է՝ խոսելով Հայաստանի իբր գործած «ռազմական հանցագործությունների», Ադրբեջանի հաղթանակի և Հայաստանի «կապիտուլացիայի» մասին։
Նա հայտարարել է, թե Ադրբեջանը վարել է պատերազմն ըստ «միջազգային հումանիտար իրավունքի, ապահովել է քաղաքացիական անձանց պաշտպանությունը և ձեռնպահ է մնացել ոչ ռազմական ենթակառուցվածքներին հարվածելուց», հայտնում է APA-ն:
Ադրբեջանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ «ադրբեջանա-ամերիկյան հարաբերություններում նոր էջ բացելու», «երկկողմ հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու» և «Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղ գործընթացին աջակցելու» համար։
Ալիևն ասել է, որ Ադրբեջանը ներկայացրել է միջազգային իրավունքի վրա հիմնված հինգ հիմնական սկզբունք և առաջարկել է խաղաղ պայմանագրի նախագիծ։
«Այնուհետև մեր նախաձեռնությամբ մեկնարկել է նախագծի տեքստի շուրջ բանակցային գործընթացը, որը շարունակվել է 2022 թվականի հոկտեմբերից մինչև 2025 թվականի ամառը։ Չնայած տարբեր սադրանքներին՝ բանակցությունները դրական արդյունքներ են տվել, քանի որ ընթացել են բացառապես երկկողմ ձևաչափով՝ առանց որևէ արտաքին միջամտության», – ասել է Ալիևը։
Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:
Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։






