AM
26 Սեպտեմբեր 2025 - 13:47 AMT

Պապոյան․ Կոնյակի տարանցման խնդիրը կլուծվի իզոտոպային լաբորատորիայի գործարկմամբ

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել է, որ 2026 թվականի հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում նախատեսվում է գործարկել իզոտոպային լաբորատորիա, որը կստուգի հայկական կոնյակի ստանդարտներին համապատասխանությունը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Ամռանը խնդիրներ էին առաջացել Ռուսաստան հայկական կոնյակի մատակարարման ընթացքում՝ վրացական տարածքով անցնելու ժամանակ։ Դրանք քննարկելու և լուծումներ գտնելու համար նախարարն այցելել էր Թբիլիսի՝ գործընկերների հետ բանակցելու վերահսկողական ընթացակարգերի արագացման շուրջ։

«Այս պահի դրությամբ արտահանման հետ կապված խնդիրների մեծ մասը լուծված են, առանձին դժվարություններ դեռևս կան։ Հուսով ենք` դժվարությունները կհաղթահարվեն լաբորատոր կարողությունների վերջնական ձևավորման արդյունքում»,– նշել է Պապոյանը։

Պապոյանի խոսքով՝ իզոտոպային լաբորատորիայի ստեղծումը թույլ կտա բոլոր անհրաժեշտ հետազոտություններն անցկացնել անմիջապես Հայաստանում, առանց վրացական սերտիֆիկացման կենտրոններ դիմելու։

«Կստուգի և կասի՝ դա խաղողի սպիրտից է, թե այլ սպիրտից։ Նախնական տվյալներով կունենանք հունվար կամ փետրվար ամիսներին, որից հետո արդեն այն փորձաքննությունները, որ, օրինակ անցկացվում էին Վրաստանում, արդեն Հայաստանում կանցկացվեն։ Բնականաբար, արտահանումը կապահովենք»,– ասել է նախարարը։

Պապոյանը հավելել է, որ մասնագետներն այս պահին անցնում են անհրաժեշտ պատրաստություն՝ լիցենզիա ստանալու նպատակով։