Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է մայրաքաղաքի տրանսպորտի շարժակազմը թարմացնելու նպատակով նախատեսված նոր էլեկտրական ավտոբուսների ձեռքբերման գործընթացին։ Ըստ նրա, այս քայլը ոչ միայն նպաստում է շարժակազմի արդիականացմանն ու լրացմանը, այլև օգնում է բարելավել օդի որակը, քանի որ էլեկտրական ավտոբուսները չունեն բացասական ազդեցություն մթնոլորտի վրա։
Քաղաքապետը նաև հիշեցրել է, որ ձմռան սեզոնին մայրաքաղաքում հաճախ առաջանում են օդի աղտոտման խնդիրներ, որոնց հիմնական աղբյուրներից են ավտոմեքենաները, հայտնում է Radar Armenia-ն։
Նա ներկայացրել է քաղաքում էլեկտրական մեքենաների օգտագործման խթանմանն ուղղված ռազմավարությունը։
«Մենք տրամաբանություն ունենք, որ հնարավորինս փորձելու ենք էլ ավելի խրախուսել էլեկտրական մեքենաների և էլեկտրական տրանսպորտի ավելացումը քաղաքում՝ փոխարինելով ներքին այրման շարժիչով մեքենաները», – ասել է նա։
Շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարել է, որ սխալ է պնդել, թե Երևանում օդի որակն ամենավատն է տարածաշրջանում: Նախարարությունը նշել է, որ որոշ առցանց հարթակներ տարածում են տվյալներ, որոնք հիմնված չեն պաշտոնական մոնիթորինգի վրա:
Վերջերս միջազգային համաժողովներից մեկի ժամանակ պնդում էր հնչել, որ Երևան քաղաքի օդի որակը վատագույնն է Հարավային Կովկասում։






