AM
29 Սեպտեմբեր 2025 - 08:37 AMT

Մոլդովայի խորհրդարանական ընտրություններում հաղթել է նախագահ Սանդուի կուսակցությունը

Սեպտեմբերի 28–ին Մոլդովայում խորհրդարանական ընտրությունների արդյունքում, մոտ 99.91 % տեղամասերի քվեաթերթիկների հաշվարկից հետո, հաղթել է նախագահ Մայա Սանդուի եվրոպամետ «Գործողություն և համերաշխություն» (PAS) կուսակցությունը (ավելի քան 50 %):

Եվրոպամետ ուժերը կարող են ստանալ 54 մանդատ 101-ից։ Դա պակաս է այն ցուցանիշից, որը PAS-ն ուներ նախորդ գումարման խորհրդարանում՝ 31 տեղ, հայտնում է BBC-ն։

Երկրորդ տեղում է «Հայրենասիրական դաշինքը» (24․19 %), որը համարվում է ռուսամետ: Երրորդ տեղում է «Այլընտրանք» միավորումը (7․97 %), որը կազմավորվել է 2025 թ-ին Քիշնևի քաղաքապետ Իոն Չեբանի նախաձեռնությամբ:

Ընդհանուր ավելի քան 1․6 մլն քաղաքացի է մասնակցել քվեարկությանը, ինչը կազմում է ավելի քան 52 % ընտրողների ցուցակներում գրանցվածներից։

Թեկնածու և նախկին նախագահ, Սոցիալիստների կուսակցության առաջնորդ Իգոր Դոդոնը կոչ է արել բոլոր քաղաքական ուժերին խաղաղ երթ կազմակերպել կառավարական շենքի առջև՝ երկուշաբթի, սեպտեմբերի 29-ին: Դոդոնի խոսքով՝ միջոցառումը կանցկացվի առանց կուսակցական խորհրդանիշների:

Դոդոնը պնդում է, որ ընտրությունների ժամանակ արձանագրվել են խախտումներ: Սոցիալիստները կհստկացնեն իրենց հետագա քայլերը:

Ընտրություններից առաջ նախագահ Մայա Սանդուն դիմել էր քաղաքացիներին՝ կոչ անելով աջակցել եվրոպամետ ուժերին, ընդգծելով, որ Ռուսաստանը մեծ գումարներ է ներդնում՝ իշխանության բերելու իր կողմնակիցներին: Նրա խոսքերով՝ Մոսկվան օգտագործում է «հմիլիոնավոր դոլարներ», փորձում է գնել մոլդովացի ընտրողների ձայները:

Ռուսաստանը մերժում է սահմաններից դուրս ընտրություններին միջամտության մեղադրանքները:

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը գրել է․ «Մոլդովա, քեզ մոտ կրկին ստացվեց»։

Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, մեկնաբանելով Մոլդովայի խորհրդարանական ընտրությունները, շնորհավորել է Մայա Սանդուն իր կուսակցության հաղթանակի առթիվ։