AM
29 Սեպտեմբեր 2025 - 14:45 AMT

ՍԴ-ն պարտավորեցրել է Սաակաշվիլիին և Ջանաշիային $3.3 մլն վերադարձնել բյուջե

Թբիլիսիի քաղաքային դատարանը բավարարել է ֆինանսների նախարարության հայցը և պարտավորեցրել է Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին և Անվտանգության պետական ծառայության նախկին ղեկավարը Թեյմուրազ Ջանաշիային պետբյուջե վերադարձնել մինչև 9 մլն լարի (մոտ 3.3 մլն դոլար): Վճիռը կայացվել է սեպտեմբերի 29-ին դատավոր Ալեքսանդր Գզիրիշվիլիի կողմից:

Սաակաշվիլին ու Ջանաշիան ճանաչվել են մեղավոր այսպես կոչված «պիջակների գործով»՝ մեծաքանակ պետական միջոցների յուրացման համար, հայտնում է «Էխո Կավկազան»։

Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբան Բեկա Բասիլայան հայտարարել է. «Բոլորին պարզ է, որ դատական համակարգը ենթարկվում է Իվանիշվիլիի հրահանգներին։ Ասում են, որ Սաակաշվիլին պետք է փոխհատուցի ծախսերը, օրինակ՝ այն բանի համար, որ նա ընդունել է Դոնալդ Թրամփին Վրաստանում կամ ծաղիկներ է դրել Վացլավ Հավելի գերեզմանին։ Սա ինչ է նշանակում։ Մենք բազմիցս ականատես ենք եղել Սաակաշվիլիի գործերով միակողմանի, քաղաքականորեն մղված, լիովին անհիմն որոշումների։ Այժմ այս ամենին գումարվել է նաև ֆինանսական հետապնդումը՝ ցանկանում են ներառել նրան պարտատերերի ռեեստրում։ Որտեղ էլ բողոքարկենք, այնտեղ մեզ սպասում են նույն դատավորները»:

2025 թ. մարտի 12-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը դատապարտել է Միխեիլ Սաակաշվիլիին՝ 8 տարվա ազատազրկման, իսկ Թեյմուրազ Ջանաշիային նշանակել 300,000 լարի տուգանք: Դրանից հետո ֆինանսների նախարարությունը ներկայացրել է քաղաքացիական պահանջ՝ մեղադրյալներից գանձելու համար, թեև, ըստ նախարարության, նրանք պետք է վճարեն մինչև 9 մլն լարի:

Այսօր Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել առաջին աստիճանի դատարանի վճիռը:

Նախապես կայացված դատավճիռների համաձայն, Միխեիլ Սաակաշվիլին կշարունակի մնալ կալանքի տակ մինչև 2034 թ. ապրիլի 1-ը: Իրենք՝ նա և իր կուսակցությունը, պնդում են, որ բոլոր դատավճիռները քաղաքական մոտիվացիա են ունեցել: