AM
1 Հոկտեմբեր 2025 - 06:54 AMT

Իրան–ՀՀ բարձր լարման գիծը կարող է մասամբ ավարտին հասցվել 2026-ի առաջին կեսին

2026 թվականի առաջին կեսին հնարավոր է ավարտին հասցվի Իրան–Հայաստան 400 կիլովոլտ լարման գծի կառուցման առաջին փուլը՝ ներառյալ գծի մեկ շղթան Իրանի սահմանից մինչև Սիսիանի շրջանի Նորավան ենթակայան։ այդ մասին տեղեկացրել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության վերահսկողության տակ գործող «Բարձրավոլտ Էլեկտրացանց» ՓԲԸ մամուլի ծառայությունից, հայտնում է Sputnik Արմենիան։

Նշված փուլում նախատեսված է շահագործման հանձնել գծի առաջին շղթան, որը կձգվի Իրանի սահմանից մինչև Նորավանի կառուցվող ենթակայանը Սիսիանի տարածքում։ Որոշ աշխատանքներ տեղափոխվել են հաջորդ տարի, քանի որ շինարարությունը կատարվում է բարձրլեռնային տարածքներում, որոնք արդեն հոկտեմբերի կեսերից կամ նոյեմբեր ամսվա սկզբից դառնում են դժվարանցանելի։

Գծի մասնակի միացումից հետո շինարարությունը պետք է շարունակվի մինչև նախագծի վերջնական ավարտը։ Այն նախատեսված է իրականացնել երկու շղթայով՝ ընդհուպ մինչև Դդմաշեն, որը տեղակայված է Սևանի մերձակայքում։ Այստեղ ևս նախատեսվում է կառուցել լրացուցիչ ենթակայան։

«Արդյունքում Իրան–Հայաստան էլեկտրաէներգիայի փոխհոսքերի թողունակությունը կավելանա` ներկայիս 330-ից հասնելով ավելի քան 1 000 ՄՎտ–ի։ Սակայն դա տեղի կունենա միայն այն ժամանակ, երբ լարման գիծը կառուցվի ամբողջությամբ (երկու շղթայով) և միանա Դդմաշենի ենթակայանին։ Մասնակի ավարտից հետո (մեկ շղթայով մինչև Նորավանի ենթակայան) գծի թողունակությունը կհասցվի մոտավորապես մինչև 500 ՄՎտ»,–ասել է «Բարձրավոլտ Էլեկտրացանց» ՓԲԸ–ից։

Դդմաշենում կառուցվելիք ենթակայանը նաև կդառնա Հայաստան–Վրաստան բարձր լարման գծի մի հատված, քանի որ այստեղից մեկնարկող 400 կՎ գիծը կձգվի մինչև Վրաստանի սահմանը։ Այստեղ նախատեսված շինարարական աշխատանքները պետք է մեկնարկեն մոտ ապագայում։

Նախագիծը բաժանվել է երեք բաղադրիչի՝ Դդմաշենի ենթակայան, սահմանամերձ Այրումի փոխակերպիչ կայան և դրանց միջև ընկած բարձր լարման գիծ։ Փոխակերպիչ կայանը կառուցվելու է սահմանին՝ ապահովելու համար միաժամանակ տարբեր հաճախականությամբ աշխատող հայաստանյան և վրացական էներգահամակարգերի շարունակական կապը, որը ներկայումս ընդհատումներով է գործում, ինչպես նաև մեծացնելու փոխհոսքերի ծավալը։

Դդմաշենի և Այրումի ենթակայանների կառուցման մրցույթները երկարաձգվել են մինչև նոյեմբեր ամիսը։ Իսկ բուն գծի շինարարության մրցույթը տեղի է ունեցել օգոստոսին, որի արդյունքում հաղթել է հնդկական KEC International Limited ընկերությունը։

Ընկերությունը առաջիկա երեքուկես տարիների ընթացքում պետք է կառուցի մոտ 109 կմ երկարությամբ 400 կՎ լարման էլեկտրահաղորդման գծեր։

Հայաստանը դեռևս չունի 400 կՎ լարման հոսանքի գծեր։ Հայաստան–Իրան ուղղության վրա կա 220 կՎ լարման երկու գիծ, իսկ դեպի Վրաստան` 220 կՎ լարման մեկ և 110 կՎ` երկու գիծ։ Հայաստան–Իրան 400 կՎ գիծը կառուցվում է Իրանից տրված վարկով (կառուցման կապալառուն սիրանական ընկերություն է), իսկ դեպի Վրաստան` կառուցվելու է գերմանական KfW բանկի վարկով։ Այդ գծերի կառուցումը Հայաստանին թույլ կտա բազմակի ավելացնել էլեկտրաէներգիայի արտահանման և տարանցման ծավալները։

Իրան–Հայաստան գծի ավարտը մի քանի անգամ հետաձգվել է, իսկ Հայաստան–Վրաստան նախագծի մրցութային գործընթացը ձգձգվել է գրեթե տաս տարի՝ նախագծային անորոշությունների պատճառով։