AM
1 Հոկտեմբեր 2025 - 07:28 AMT

Վարդանյանը Բաքվի դատարանում պահանջել էր իր նախկին թարգմանչին, վերջինս հայտնել է, որ վատառողջ է՝ չի ներկայանա

Սեպտեմբերի 30‑ին Բաքվի դատարանում շարունակվել է հայտնի գործարար և բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ հարուցված շինծու քրեական գործերով դատավարությունը։

Բաքվի ռազմական դատարանի նիստում՝ նախագահությամբ դատավոր Զեյնալ Աղաևի, դատավորներ Անար Ռզաևի և Ջամալ Ռամազանովի (աջակցության դատավոր՝ Գյունել Սամեդովա) կազմով, Վարդանյանը ապահովվել է իրեն հասկանալի՝ ռուսերեն լեզվով թարգմանիչով, գրում է Azertag-ը։

Դատավորը հայտնել է նաև, որ նախկինում դատարանի նախնական նիստին մասնակցած թարգմանիչ Իսլամ Աղաքերիմովը հեռագրով տեղեկացրել է, որ առողջական խնդիրների պատճառներով չի կարողանա մասնակցել դատավարությանը և խնդրում է հաշվի առնել այդ հանգամանքը։

Նախորդ նիստերից մեկի ժամանակ Վարդանյանը դատարանին խնդրել էր կրկին հրավիրել Աղաքերիմովին որպես թարգմանիչ. այս կապակցությամբ դատարանը նրան ուղարկել էր ծանուցում և հրավիրել մասնակցության։

Ապա Վարդանյանի պաշտպան Ավրամ Բերմանը միջնորդել է տրամադրել նիստի արձանագրության վերաբերյալ տեղեկատվություն։ Նա նկատել է, որ պաշտպանությանը տրամադրվել են որոշ դատական որոշումներից հատվածներ և խնդրել է տրամադրել մնացածները։

Դատավոր Աղաևը հայտնել է, որ պաշտպանին կտրամադրվի հնարավորություն ծանոթանալու արձանագրություններին. ինչ վերաբերում է դատական որոշումների պատճեններին, նա ասել է, որ պետք է հստակ նշել, թե որ որոշումների պատճեններն են ցանկանում ստանալ։

Այնուհետև հարցաքննվել են այսպես կոչված «տուժածներն» ու նրանց իրավահաջորդները, որոնք պատմել են երբևէ ռազմական գործողությունների չմասնակցած Վարդանյանին Արցախի տարածքում իրենց ստացած վիրավորումների և մարտերի հանգամանքների մասին։

Հաջորդ դատական նիստը նշանակվել է հոկտեմբերի 7–ին։