AM
1 Հոկտեմբեր 2025 - 12:29 AMT

Թուրք նախարարը՝ Թորոսյանի հետ հանդիպման մասին․ Քննարկեցինք սոցծառայությունների ոլորտի ծրագրերը

Թուրքիայի ընտանիքի և սոցիալական ծառայությունների նախարար Մահինուր Օզդեմիր Գյոքթաշը X-ի միկրոբլոգում մանրամասներ է ներկայացրել Բելգրադում անցկացվող RISE 2025 համաժողովի շրջանակում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի հետ կայացած հանդիպումից։

«Բելգրադի կանանց համաժողովի շրջանակում հանդիպեցինք Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար պարոն Արսեն Թորոսյանի հետ։ Մենք քննարկեցինք սոցիալական ծառայությունների ոլորտում իրականացվող ծրագրերը և գնահատեցինք մեր ջանքերը՝ դրանց շրջանակը ընդլայնելու և որակը բարելավելու համար»,– գրել է թուրք նախարարը, հայտնում է Factor.am-ը:

Նա հավելել է, որ շարունակելու են վճռականորեն աշխատել կանանց հզորացման, ինչպես նաև ընտանիքների բարեկեցության և երեխաների ապագայի ուղղությամբ՝ միջազգային կապերի միջոցով։

Ավելի վաղ հանդիպման մասին տեղեկացրել էր Արսեն Թորոսյանը։