AM
1 Հոկտեմբեր 2025 - 13:20 AMT

ՄԻԵԴ-ը Բաքվից հայ գերիների մասին հաշվետվություն է պահանջել

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն Ադրբեջանից պահանջում է Բաքվի բանտերում պահվող 23 հայ գերիների պահման և առողջական վիճակի մասին հաշվետվություն ներկայացնել՝ վերջնաժամկետ սահմանելով նոյեմբերի 4-ը:

Եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանն ասել է, որ դեռևս հուլիսին ադրբեջանական կողմը դատարանին միջնորդել էր վերացնել հաշվետվություն ներկայացնելու իր պարտականությունը, հայտնում է «Ազատությունը»։

Սակայն, Հայաստանի կառավարության և եվրոպական դատարանում գերիների ներկայցուցիչների առարկություններից հետո դատարանն ի վերջո մերժել է Ադրբեջանի միջնորդությունը և պարտավորեցրել Բաքվին հայ գերիների մասին տեղեկություն ներկայացնել:

Բաքվի բանտերում գտնվող հայ գերիները մոտ 3 ամիս է՝ հայտնվել են կատարյալ մեկուսացման մեջ, որևէ միջազգային անկախ կառույց նրանց չի տեսակցել: Նրանց պահման, առողջական ու հոգեբանական վիճակի մասին տեղեկություն չկա:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները վերջին անգամ հայ գերիներին տեսակցել էին հունիսին: Միջազգային այս կառույցը սեպտեմբերից Ադրբեջանի իշխանությունների պահանջով վերջնականապես դադարեցրել է իր գործունեությունը Բաքվում:

2023 թ․ սեպտեմբերին, Արցախում իննամսյա շրջափակումից և ամբողջ հայ բնակչության էթնիկ զտումից հետո, Ադրբեջանը գերեվարել է Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, ինչպես նաև նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, արտգործնախարար Դավիթ Բաբայանին և մի շարք այլ նախկին ղեկավարների։ Նրանց ներկայացված կեղծ մեղադրանքները կարող են հանգեցնել նույնիսկ ցմահ ազատազրկման։ Հունվարի 17-ին Բաքվում սկսվել է Արցախի ղեկավարների գործով շինծու դատավարությունը։