AM
2 Հոկտեմբեր 2025 - 10:47 AMT

Ալբանիայի վարչապետը՝ Մակրոնին․ Չե՞ք շնորհավորում ինձ ու Ալիևին՝ Թրամփը վերջ դրեց մեր «հակամարտությանը»

Կոպենհագենում անցկացվող «Եվրոպական քաղաքական համայնքի» գագաթնաժողովի մեկնարկից առաջ Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման, դիմելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, կատակել է՝ հիշելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները։

«Չե՞ք շնորհավորում ինձ ու Ալիևին՝ Թրամփը վերջ դրեց մեր «հակամարտությանը»,–ասել է նա։

Այնուհետև Ռաման կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործցում գրանցված առաջընթացը։

«Սա լուրջ հարց է։ Մենք սպասում էինք դրան: Սա տեղի է ունենում երկու պետությունների ղեկավարների հիանալի առաջնորդության, ինչպես նաև՝ ԱՄՆ նախագահի ջանքերի շնորհիվ։ Սա մեծ նվաճում է»,– ասել է Ռաման։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, խոսելով Վաշինգտոնում ՀՀ և Ադրբեջանի միջև նախաստորագրած համաձայնագրի մասին, մի քանի անգամ շփոթել է և Հայաստանը անվանել «Ալբանիա»։ Սեպտեմբերի 22–ին նա ասել է, թե դադարեցրել է «Ալբանիայի սարսափելի պատերազմը» Կամբոջայի հետ։

Սեպտեմբերի 18–ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին շփոթել է Հայաստանն Ալբանիայի հետ՝ խոսելով Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման մասին։ Նա ասել է այդ մասին Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Սեպտեմբերի 12-ին ԱՄՆ ղեկավարը նմանատիպ սխալ էր թույլ տվել նաև Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։ ԱՄՆ նախագահը նման սխալ էր թույլ տվել նաև օգոստոսին՝ ամերիկացի լրագրող Մարկ Լևինին տված հարցազրույցում։