AM
2 Հոկտեմբեր 2025 - 12:52 AMT

Գերմանիան ՀՀ–ին կհատկացնի 15.6 մլն եվրոյի գրանտային օժանդակություն

ՀՀ կառավարությունը հաստատել է համաձայնագիրը, որը կնքվելու է Հայաստանի և Գերմանիայի կառավարությունների միջև՝ հայտագրերի փոխանակման ձևաչափով։ Համաձայնագիրը նախատեսում է դրամաշնորհային աջակցություն, որը չի ենթադրում վարկային միջոցների ներգրավում, հայտնում է Արմենպրեսը։

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նիստում ներկայացրել է ծրագրերի ուղղությունները․մասնավոր տնտեսության զարգացում և նախնական ու միջին մասնագիտական կրթություն՝ մինչև 6.1 մլն եվրո, կենսակայուն էներգետիկա՝ համայնքների կլիմայադիմացկուն զարգացման համար՝ մինչև 6.1 մլն եվրո, համայնքների ինտեգրված զարգացում՝ մինչև 3.1 մլն եվրո, ուսումնասիրությունների և մասնագետների ֆոնդեր՝ մինչև 0.3 մլն եվրո։

Ընդհանուր առմամբ, Գերմանիայի կառավարությունը տրամադրելու է 15.6 մլն եվրոյի օժանդակություն՝ ներառյալ նաև անձնակազմային և ոչ դրամական ծառայություններ, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում լրացուցիչ ֆինանսական միջոցներ։

Պապոյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է խորացնել համագործակցությունը Գերմանիայի հետ՝ ոչ միայն տնտեսական ու կրթական, այլև քաղաքական, մշակութային և բազմակողմ ձևաչափերում։