ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» միջազգային բանավիճային ակումբի նիստում հայտարարել է, որ եթե Եվրոպան սկսի զինվել, Մոսկվան կարող է պատասխան քայլեր ձեռնարկել։ Նա նշել է, որ այս գործընթացը «աճում է»։
«Գերմանիան, օրինակ, հայտարարում է, որ գերմանական բանակը կրկին պետք է լինի Եվրոպայի ամենահզորը։ Լավ, մենք ուշադիր լսում ենք դա, նայում ենք՝ ինչ նկատի ունեն։ Կարծում եմ՝ ոչ ոքի մոտ կասկած չկա, որ Ռուսաստանի պատասխան քայլերը երկար չեն սպասեցնի», — ասել է Պուտինը՝ ընդգծելով, որ սպառնալիքի պատասխանը «շատ համոզիչ կլինի»։
«Իսկապես՝ պատասխան։ Մենք երբեք ինքներս չենք սկսել ռազմական հակամարտություն», — հավելել է Ռուսաստանի նախագահը, որի բանակը չորրորդ տարին շարունակ պատերազմ է մղում Ուկրաինայի դեմ, գրում է «Էխո Կավկազան»։
Պուտինը նաև հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմի շարունակության պատասխանատվությունը եվրոպական երկրներինն է։
«Ցավոք, դեռ հնարավոր չի եղել դադարեցնել ռազմական գործողությունները։ Սակայն դրա պատասխանատվությունն ընկած է ոչ թե մեծամասնության, այլ փոքրամասնության վրա՝ առաջին հերթին Եվրոպայի, որը մշտապես սրում է հակամարտությունը։ Միավորված Եվրոպայի իշխող էլիտաները շարունակում են հիստերիա առաջացնել։ Ասում են, թե ռուսների հետ պատերազմը գրեթե շեմին է՝ կրկնելով այդ հիմարությունը՝ մանտրայի պես», — հայտարարել է Պուտինը Սոչիում կայացած Վալդայ ակումբի նիստում։
Ռուսաստանի նախագահը ռուսական բանակը անվանել է ամենամարտունակը՝ ընդգծելով ռուսական ստորաբաժանումների առաջխաղացումը Ուկրաինայում։
«Գրեթե ամբողջ ճակատային գծով մեր զորքերը վստահորեն առաջ են շարժվում», — ասել է Պուտինը։
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հետ հարաբերություններին՝ նշելով, որ Վաշինգտոնի հետ լիարժեք հարաբերությունների վերականգնումը համապատասխանում է Ռուսաստանի շահերին։ Նրա խոսքերով՝ ներկայիս ամերիկյան վարչակազմը՝ Դոնալդ Թրամփի գլխավորությամբ, իր շահերի մասին հայտարարում է «ուղղակի, բայց առանց ավելորդ կեղծավորության»։ Նախորդ՝ Ջո Բայդենի վարչակազմի օրոք Պուտինը Ուկրաինա լայնածավալ ներխուժումից հետո ԱՄՆ նախագահի հետ կապ չի ունեցել։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կոպենհագենում՝ Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ 2025 թվականին Ռուսաստանը ռազմի դաշտում փոքր հաջողություններ է ունեցել, և անհրաժեշտ է շարունակել ճնշումը նրա վրա՝ որպեսզի Մոսկվան հարկադրված լինի ավարտել պատերազմը։
«Պետք է խստացնել պատժամիջոցների փաթեթները և կիրառել շատ հզոր այլ գործիքներ՝ նավթի, նավթամթերքների առևտրի և առավելագույն պատժամիջոցների առումով», — հավելել է Զելենսկին։
Այս շաբաթվա սկզբին Թրամփը կրկին անվանել է Ռուսաստանին «թղթե վագր»։ Պուտինը պատասխանել է այդ խոսքերին՝ ընդգծելով, որ վերջին տարիներին Ռուսաստանը պատերազմում է ոչ թե Ուկրաինայի ԶՈՒ-ի, այլ գրեթե ՆԱՏՕ անդամ բոլոր երկրների դեմ։
«Եվ սա՞ է թղթե վագրը։ Իսկ ՆԱՏՕ-ն ինչ է այդ դեպքում», — հավելել է Վլադիմիր Պուտինը։
«ԱՄՆ-ի կողմից Ուկրաինա «Թոմահավկ» տեսակի հրթիռների հնարավոր մատակարարումները չեն փոխի ուժերի հարաբերակցությունը մարտի դաշտում, դրանք կխոցվեն, իսկ մատակարարումների փաստն իսկ կվնասի ռուս-ամերիկյան հարաբերություններին»,–ասել է Վլադիմիր Պուտինը «Վալդայ»-ի հարթակում։
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը սեպտեմբերի վերջին հայտարարել է, որ Վաշինգտոնում քննարկվում է Ուկրաինային հեռահար «Թոմահավկ» թևավոր հրթիռների մատակարարման հնարավորությունը՝ ընդգծելով, որ վերջնական որոշումը կմնա նախագահ Դոնալդ Թրամփի վրա։
Սեպտեմբերից սկսած՝ մի շարք դեպքեր են գրանցվել, երբ ենթադրաբար ռուսական անօդաչու սարքերը խախտել են ԵՄ երկրների օդային տարածքը, ինչպես նաև արձանագրվել են անհայտ անօդաչուներ Դանիայի, Գերմանիայի և մի շարք այլ երկրների կարևոր ենթակառուցվածքների տարածքում։ Հոկտեմբերի 1-ին Կոպենհագենում կայացած ԵՄ գագաթնաժողովի ընթացքում առաջնորդները քննարկել են անվտանգության իրավիճակը՝ հաշվի առնելով այդ իրադարձությունները։
Մասնավորապես, քննարկվել է Եվրահանձնաժողովի առաջարկած «դրոնների պատի» գաղափարը՝ ԵՄ արևելյան սահմաններին լայնածավալ պաշտպանական համակարգերի տեղակայման վերաբերյալ։ Մի շարք առաջնորդներ աջակցություն են հայտնել այդ նախաձեռնությանը։






