AM
3 Հոկտեմբեր 2025 - 12:39 AMT

Ալբանիայի վարչապետը՝ Թրամփի հետ կապված կատակի մասին․ Հումորի պահ էր, պետք չէ խայթոցի վերածել

Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման հումոր է անվանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասին իր կատակը` նշելով, որ արդար չէ լուրջ ընդունելը։

Ավելի վաղ Թրամփը հարցազրույցում Հայաստանը շփոթել էր Ալբանիայի հետ։ Դրան անդրադառնալով՝ հոկտեմբերի 2-ին Դանիայում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովի շրջանակում Ռաման, զրույց ունենալով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, կատակով Մակրոնին հարցրել էր՝ ինչու իրեն չի շնորհավորել Ադրբեջանի հետ խաղաղություն կնքելու կապակցությամբ։

«Իրոք զարմանալի է, թե ինչպես են աշխատում այսօրվա լրատվամիջոցները, և այսպես կոչված «վիրուսայնությունը» ինչպես կարող է այդքան հեշտությամբ խեղաթյուրել իրականությունը: Հումորով, ընկերական տոնով ասված արտահայտությունը հանկարծ դառնում է համաշխարհային մասշտաբի վերնագիր, իսկ մնացած ամեն ինչ՝ իրական էությունը, կորցնում է իր նշանակությունը», – գրել է Ռաման սոցցանցում, հայտնում է Sputnik Արմենիան։

Ռաման հավելել է, որ հաճելի է եղել հանդիպել հին բարեկամ Իլհամ Ալիևին և Մակրոնի ներկայությամբ հիշատակել Թրամփի այն վրիպումը, թե իբր նույնիսկ Ալբանիան խաղաղություն է հաստատել Ադրբեջանի հետ, այն դեպքում, երբ Ֆրանսիայի նախագահը երկար տարիներ աշխատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի ուղղությամբ։

«Թեթև դիտողություն, ընկերական պահ։ Իհարկե, սարսափելի բան չկա, որ դա տարածվել է, բայց դա քաղաքական խայթոցի վերածելը պարզապես արդար չէ։ Եկեք պարզենք իրավիճակը: Ճշմարտությունն այն է, որ նախագահ Թրամփը իրեն դրսևորեց որպես առաջնորդ, որը տարիներ անց Արևմուտքի բառապաշար վերադարձրեց «խաղաղություն» բառը: Եվ, այո՛, զարմանալիորեն կարճ ժամանակում նա հասավ խաղաղության այնտեղ, որտեղ մյուսները փորձել էին, բայց ձախողվել, և շարունակում է անխոնջ ձգտել դրան», – ընդգծել է Ռաման։

Վերջում նա նշել է, որ ռեպլիկների փոխանակումն ընդամենը «լավ հումորի րոպե» է եղել այն մարդկանց շրջապատում, ովքեր, ըստ նրա, հանդիսանում են Թրամփի ամենավստահելի կողմնակիցները։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, խոսելով Վաշինգտոնում ՀՀ և Ադրբեջանի միջև նախաստորագրած համաձայնագրի մասին, մի քանի անգամ շփոթել է և Հայաստանը անվանել «Ալբանիա»։ Սեպտեմբերի 22–ին նա ասել է, թե դադարեցրել է «Ալբանիայի սարսափելի պատերազմը» Կամբոջայի հետ։

Սեպտեմբերի 18–ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին շփոթել է Հայաստանն Ալբանիայի հետ՝ խոսելով Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման մասին։ Նա ասել է այդ մասին Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Սեպտեմբերի 12-ին ԱՄՆ ղեկավարը նմանատիպ սխալ էր թույլ տվել նաև Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։ ԱՄՆ նախագահը նման սխալ էր թույլ տվել նաև օգոստոսին՝ ամերիկացի լրագրող Մարկ Լևինին տված հարցազրույցում։