AM
3 Հոկտեմբեր 2025 - 13:26 AMT

Գուրլենով․ ՀՀ–ում էլեկտրամոբիլների շուկան 4-5 անգամ ավելի արագ է աճում, քան ՌԴ–ում

Sitronics Electro ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Գուրլենովը նշել է, որ Հայաստանում էլեկտրամոբիլների շուկան զարգանում է 4-5 անգամ ավելի արագ, քան Ռուսաստանում։

Նրա խոսքով՝ նման արագ աճի հիմնական պատճառներն են էլեկտրամեքենաների ներկրման գրեթե զրոյական մաքսատուրքը և դրանց համար տրամադրվող անվճար կայանման հնարավորությունը, հայտնում է ՌԲԿ–ն։

Նա հավելել է նաև, որ ՀՀ–ում կոմերցիոն փոխադրողներն արդեն անցել են էլեկտրական մոդելների, իսկ տաքսիում դրանց մասնաբաժինը կազմում է 50%։

Գուրլենովը նաև կանխատեսել է, որ առաջիկա 3-5 տարում ԱՊՀ երկրների շուկաներում էլեկտրամոբիլների երկնիշ աճ է արձանագրվելու։

«Մենք կտեսնենք 150 կՎտ-ից հզոր կայանների թվի արագ աճ, լիցքավորման հանգույցների կառուցում, ինչպես Չինաստանում, «Plug&Charge» (լիցքավորման տեխնոլոգիա) ծառայություններ և ռոումինգ (տարբեր օպերատորների լիցքավորման կայանների հասանելիություն)», – ասել է նա։

2025–ի 9 ամսում է ՀՀ է ներկրվել մոտ 12,000 էլեկտրամոբիլ, այն դեպքում, երբ ամբողջ 2024 թվականի ընթացքում ներմուծվել էր մոտ 9 000։