Հոկտեմբերի 3-ին, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի մասնակցությամբ, Ինժեներական քաղաքում անցկացվել է «Հայաստան-Ճարտարագիտական շաբաթ 2025»-ի հանդիսավոր մեկնարկը։
Ողջունելով ներկաներին նորակառույց «Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի» շենքում անցկացվող միջոցառման առթիվ՝ նախարարը շեշտել է, որ Հայաստանն այսուհետ պետք է ձևավորի ու արտահանի սեփական ինժեներական արտադրանքները՝ թե՛ ներքին, և թե՛ արտաքին շուկաների համար։
«Ժամանակն է, որ մենք մտածենք մեր սեփական Samsung-ն ունենալու և աշխարհին վաճառելու մասին, և հենց այստեղ՝ «Ինժեներական քաղաքում», գիտությունը և նորարարությունը հիմքը կդառնան նորանոր հայկական արտադրանքների», -նշել է նախարարը։
Այս տարվա միջոցառումները հյուրընկալել են ներկայացուցիչների բազմաթիվ երկրներից՝ ընդգրկելով պետական կառույցների, ակադեմիական հաստատությունների, մասնավոր սեկտորի և ինժեներական համայնքների անդամներին՝ նպաստելով տարբեր ոլորտների համագործակցությանը։
Շաբաթվա ընթացքում ինժեներները կներկայացնեն իրենց վերջին նորամուծությունները տարբեր ոլորտներում՝ ներառյալ արհեստական բանականությունը, ավտոմոբիլային ճարտարագիտությունը, տիեզերական տեխնոլոգիաները, կիսահաղորդչային արդյունաբերությունը, կիբեռանվտանգությունը, բարձր արտադրողականության հաշվարկները, կենսաբժշկական ինժեներիան և խելացի արտադրական համակարգերը։
Առաջին երկու օրերի միջոցառումները կուղեկցվեն ցուցահանդեսային հատվածով, որի շրջանակում ներկայացվել են հայաստանյան ընկերությունների կողմից մշակված տեխնոլոգիական արտադրանքներն ու լուծումները՝ ընդգծելով ոլորտի զարգացման տեսլականը։
«Հայաստան-Ճարտարագիտական շաբաթ»-ը կամփոփվելու է հոկտեմբերի 5-ին՝ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում, որտեղ կկազմակերպվեն աշխատարաններ և թեմատիկ քննարկումներ՝ կենտրոնանալով երիտասարդության դերի վրա գիտատեխնիկական առաջընթացի ապահովման գործընթացում։
Միջոցառումը կազմակերպվել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և Ինժեներական ասոցիացիայի նախաձեռնությամբ՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, ինչպես նաև մի շարք պետական, մասնավոր և միջազգային գործընկեր կառույցների աջակցությամբ։
«Հայաստան-Ճարտարագիտական շաբաթ»-ը համարվում է Հայաստանում ճարտարագիտության բնագավառի ամենամյա առանցքային միջոցառումը, որն այս տարի անցկացվում է իններորդ անգամ։ Այն կարևոր հարթակ է՝ հանրայնացնելու երկրի տեխնոլոգիական ներուժը, դրա ձեռքբերումներն ու ապագայի ռազմավարությունը, ինչպես նաև նպաստելու Հայաստանին՝ տարածաշրջանում որպես նորարարության և առաջատար տեխնոլոգիաների կենտրոն վերածվելու գործընթացին։






