Եվրոպական խորհրդարանի անդամ Ֆերնան Կարտհայզերը (Լյուքսեմբուրգ) ԵՄ հանձնաժողովին ուղղված հրատապ գրավոր հարցումներով հանդես է եկել՝ բարձրաձայնելով, թե արդյոք հնարավոր է Եվրամիության ներկայացուցիչներ գործուղել Բաքու՝ հայ գերիների դատավարություններին հետևելու նպատակով։ Այդ մասին հայտնել է Հանուն արդարության և ժողովրդավարության Եվրոպայի հայկական ֆեդերացիան (EAFJD)։
Պատգամավորն ընդգծել է, որ Ադրբեջանը վերջերս հրահանգել է փակել ԿԽՄԿ Բաքվի գրասենյակը՝ միակ միջազգային կառույցը, որին պարբերաբար թույլատրվում էր այցելել կալանավորված հայերին։ Այս որոշումը, ըստ Կարտհայզերի, վերացրել է պահման պայմանների արտաքին հումանիտար վերահսկողության հնարավորությունը, գրում է Sputnik Արմենիան։
«Վստահելի տեղեկությունները վկայում են նաև մի շարք պահվողների առողջական վիճակի վատթարացման, համապատասխան բժշկական օգնության մերժման, ընտանիքների հետ կապի բացակայության, մեկուսացված պահման, ինչպես նաև քաղաքական շարժառիթներով և կեղծ մեղադրանքներով դատավարությունների մասին։ Չնայած դրան` Բելգիայում անցած ապրիլին կայացած խորհրդարանական լսումների ժամանակ Ադրբեջանի դեսպանը հայտարարել է, որ հայերի դատավարությունները բաց են Բաքվում գործող բոլոր օտարերկրյա դիվանագետների համար»,– գրել է պատգամավորը։
Կարտհայզերը միաժամանակ վկայակոչել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի այն հայտարարությունը, որի համաձայն՝ գերիների հարցը մնում է չլուծված, և նրանց ազատ արձակումը շարունակվում է դիտվել որպես առանցքային հումանիտար գերակայություն։
«Հաշվի առնելով այս զարգացումները և ԵՄ միջնորդական դերը տարածաշրջանում` ի՞նչ կոնկրետ քայլեր է ձեռնարկելու հանձնաժողովը՝ ապահովելու համար, որ ԵՄ պատվիրակության ներկայացուցիչը Բաքվում (կամ այլ միջազգային դիտորդ) ներկա լինի հայ գերիների առաջիկա դատավարություններին, նպաստի ռիսկի տակ գտնվող գերիների շտապ և անկախ բժշկական հետազոտություններին»,– հարցրել է պատգամավորը։
Նա նաև պահանջել է ներկայացնել հստակ ժամանակացույց, թե երբ է հանձնաժողովը հրապարակային ձևով հաշվետու լինելու ձեռնարկվելիք քայլերի և Ադրբեջանի ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման վերաբերյալ։
Բաքվի իշխանությունները պաշտոնապես հաստատել են 23 հայերի գերեվարման փաստը, որոնցից 17-ը Ադրբեջան են տեղափոխվել Արցախի դեմ 2023 թվականի սեպտեմբերյան ռազմական հարձակման արդյունքում։ Նրանց շարքում են Արցախի նախկին պետական նախարար, բարերար Ռուբեն Վարդանյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, ինչպես նաև Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը։






