AM
4 Հոկտեմբեր 2025 - 11:58 AMT

Meduza. Բաքուն ԼՂ–ն վերածել է «ցուցափեղկի»՝ թաքցնելով բազում խնդիրներ՝ կոռուպցիայից մինչև հայերի ժառանգության ոչնչացում

Meduza-ն ծավալուն հոդված է հրապարակել 2023–ից հետո Լեռնային Ղարաբաղում տիրող վիճակի մասին՝ նշելով, որ Ադրբեջանի իշխող ռեժիմը ԼՂ–ն վերածել է իր նվաճումների ցուցափեղկի՝ որի ետևում բազում խնդիրներ են թաքնված՝ կոռուպցիայից մինչև հայերի մշակութային ժառանգության ոչնչացում։

Նշվում է, որ 2023–ի հայաթափումից հետո Ադրբեջանը լայնածավալ շինարարություն է իրականացնում Լեռնային Ղարաբաղում։

«Սակայն հռչակված «վերաինտեգրման» ետևում բազում խնդիրներ են՝ հատկացված միջոցների ոչ թափանցիկ ծախսերից մինչև նոր կառուցվող բնակելի տների ցածր որակ։ Իրավապաշտպան կազմակերպություններն ահազանգում են հայ մշակութային և պատմական ժառանգության ոչնչացման տագնապալի միտումների մասին։ Տարածաշրջանում աշխատող լրագրողը պատմել է այն մասին, թե ինչ է կատարվում Լեռնային Ղարաբաղում վերջին տարիներին»,–գրում է Meduza-ն։

Նշվում է, որ Ադրբեջանի հռչակած և իիրագործվող նախագծերը ծառայում են և՛ ներքին քարոզչությանը, և՛ օտարերկրյա ներդրողներին գրավելու համար: Շուշիում և Ստեփանակերտում ակտիվորեն կառուցվում են բնակելի թաղամասեր՝ Չինաստանի և Թուրքիայի մասնակցությամբ: Բրիտանական BP նավթային ընկերությունը նախատեսում է Ղարաբաղում արևային էլեկտրակայան հիմնել:

«Հայտնի նախագիծ է «խելացի գյուղերը» Ղարաբաղում, որտեղ ծրագրում են կիրառել նոր տեխնոլոգիաներ, ավտոմատացում և վերականգնվող էներգիա, սակայն դեռևս միայն մեկն է կառուցվել՝ Աղալին՝ Զանգելանի շրջանում: Որոշ ադրբեջանցի քաղաքական գործիչների մոտ «խելացի գյուղերը» մեծ կասկած են առաջացնում. Իլգար Մամեդովը, «Ռեֆորմիստական լրացում» կուսակցության նախագահը, այցելելով Աղալը, պնդել է, որ գյուղի մուտքի վայրում տեղադրվելու են դեմքի նույնականացման տեսախցիկներ: Նա բնութագրել է գյուղը որպես «նոր տոտալիտարիզմի փորձարկում» և «թվային բանտ»։ Գյուղն արդեն բնակեցված է։ Ըստ պնդումների, բնակիչներն ընտրվել են վիճակահանությամբ։

․․․Նոր ադրբեջանաբնակ ավանների բնակիչները ժամանակ առ ժամանակ բողոքում են կառուցված շինությունների վատ որակից: Մեկ տեսանյութում մի տղամարդ ցույց է տալիս Լաչին քաղաքում ստացած բնակարանը. երևում է, որ աստիճանը չի հասնում դռանը, այլ մոտ 1 մետր հեռու է դրանից: Նա նաև բողոքում է կիրառված նյութերի ցածր որակից:

Նույն պատճառով որոշ բնակավայրեր լուրջ վնասներ են կրել անձրևների ժամանակ — ճանապարհները քանդվել են, փողոցները փլուզվել։ Բազմաթիվ ադրբեջանցիներ նկատել են, որ իրենց տեղաբաշխել են միատեսակ, չափից շատ մոտ կառուցված տներում: Թեև ըստ օրենքի՝ նրանց խոստացել էին հող տալ, սակայն ոչ մեկը հողակտոր չի ստացել»,–ասվում է հոդվածում։

Նշվում է, որ հողը հնարավոր է միայն վարձակալությամբ ստանալ: ԶԼՄ‑ները ընդգծում են, որ հողը պատկանում է մեծ ընկերություններին, որոնք ուղիղ կան անուղղակի կապ ունեն իշխող էլիտայի անդամների հետ:

Ադրբեջանցիների մուտքը Ղարաբաղ թույլատրվում է միայն իշխանությունների թույլտվությամբ կամ Շուշիում հյուրանոցում համար ամրագրելով (այդ դեպքում հյուրանոցը ինքն է կարգավորում թույլտվությունը): 2025 թվականի հուլիսից Ղարաբաղում արդեն կարելի է մնալ 5 օր, բայց ոչ ավելի։

Նշվում է նաև, որ Բաքուն համակարգված կերպով ոչնչացնում է հայության հետ առնչվող ամեն ինչ։

«Հողին են հավասարեցվել Արցախի խորհրդարանի և ԱԳՆ շենքերը՝ խորհրդանշական գործողություն, որը լայնորեն լուսաբանվել է պետական ԶԼՄ‑ներով: Դրանից բացի ոչնչացվել են մի քանի գյուղեր, որտեղ հայեր էին ապրում, վանքեր և հայկական գերեզմանոցներ:

Bellingcat հետաքննող նախագիծը հայտնաբերել է, որ ադրբեջանական իշխանությունները շատ բնակելի շենքեր են քանդել Ստեփանակերտում: Մասնավորապես, բազում շինություններ են քանդվել՝ ներկայիս Ղարաբաղի համալսարանի հանրակացարանի կառուցման նպատակով: Հետաքննողները նաև հայտնաբերել են աղբակույտեր շենքերի մոտ, որը , հավաբար, հեռացած հայերի գույքն է։

Ադրբեջանը, Ղարաբաղը վերադարձնելուց հետո, ոչ միայն քանդել է առանձին շենքեր, այլ ամբողջ հայկական գյուղերը: Օրինակ՝ Քարին Տակ (ադրբ. Դաշալտը) գյուղն ամբողջովին ոչնչացվել է, և դրա տեղում կառուցվում է մզկիթ: 2023 թվականին այս շինհրապարակ է այցելել անձամբ Իլհամ Ալիևը: Այդպես ոչնչացվել է մի քանի հայկական գյուղ։

Բաքվի վարկածով՝ հայերին XIX դարում Ռուսաստանն է բնակեցրել Կովկասի տարածքում, թեև համաշխարհային պատմագիտությունը նման մեկնաբանություն չի ընդունում: Ադրբեջանում հայերի հանդեպ ատելություն է քարոզվում։

Այն կոթողները, որոնք իշխանությունները չեն կարող ոչնչացնել, հռչակվում են որպես «Կովկասյան Ալբանիայի ժառանգություն»,–ասվում է հոդվածում։

Նշվում է, որ ՅՈւՆԵՍԿՕ–ն բազմիցս է մատնանշել հուշարձանների պահպանության անհրաժեշտությունը և տեսչական այցերի կարևորությունը, սակայն Ադրբեջանը տարբեր պատրվակներով մերժում է։