AM
6 Հոկտեմբեր 2025 - 07:12 AMT

Սպերցյանը հերքել է իր հասցեին ռասիզմի մեղադրանքները․ «Ես Կովկասում եմ մեծացել` նմանը թույլ չէի տա»

Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդար» ակումբի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն արձագանքել է Ուսմանե Նդոնգի մասնակցությամբ սկանդալային միջադեպին, որը տեղի է ունեցել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում՝ «Ախմատի» հետ խաղի ժամանակ։

Միջադեպի պատճառով Սպերցյանին երակարատև որակազրկում է սպառնում։ Նա կարող է ստիպված լինել 10 խաղ բաց թողնել։

Սպերցյանն ասել է․ «Կցանկանայի մեկնաբանել երեկվա իրավիճակը, որն արդեն անցել է սահմանները։ Անընդունելի եմ համարում իմ դեմ ուղղված անհիմն մեղադրանքները։ Պատրաստ եմ ապացուցել իմ իրավացիությունը ցանկացած եղանակով։ Տեսախցիկների տեսագրությունները դիտեք, կարդացեք շուրթերից, պոլիգրաֆով ստուգում՝ ոչ մի խնդիր։ Ես վստահ եմ՝է գիտեմ, որ ես նման չեմ ասել։

Ես Կովկասում եմ մեծացել, գիտեմ բոլոր «խութերը»։ Իմ ծնողներն ինձ ճիշտ են դաստիարակել։ Ես երբեք ինձ նման բան թույլ չեմ տա։ Ես ունեմ շատ ընկերներ և ծանոթներ ամբողջ աշխարհում, որոնց հետ շփվում եմ։ Այն, ինչ հիմա կատարվում է, նույնիսկ մի փոքր ծիծաղելի է և նման է ինչ-որ կրկեսի։ Իմացեք, որ վստահ եմ իմ խոսքերի մեջ, ես պատասխանատու եմ իմ խոսքերի համար, և պատրաստ եմ ամեն ինչի»։

«Ախմատի» հետ անցկացված հանդիպման ժամանակ, որը ավարտվել է «Կրասնոդարի» հաղթանակով՝ 2։0 հաշվով, սենեգալցի պաշտպան Ուսմանե Նդոնգը կարմիր քարտ է ստացել Սպերցյանին ուսով հարվածելու համար, գրում է Match TV-ն։

ՌՊԼ–ն հայտարարել է, որ կքննի միջադեպը բոլոր հասանելի ապացույցների ներգրավմամբ և կողմերի դիրքորոշումների ուսումնասիրությամբ։