Այն քաղաքացիները, ովքեր չունեն այլ եկամուտ՝ բացի Պետական եկամուտների կոմիտեի տվյալների բազայում արդեն առկա տեղեկատվությունից, այսուհետ կարող են նույնիսկ չմտնել եկամուտների հայտարարագրման համակարգ։ Նրանց եկամուտների հայտարարագիրը կդիտվի լրացված՝ ՊԵԿ-ի ավտոմատ լրացված տվյալների հիման վրա։
Այս նոր նախագիծը մշակվել է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության և կառավարության համատեղ աշխատանքի արդյունքում։ Նախագծի մանրամասները ներկայացրել է խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը, հայտնում է Արմենպրեսը։
«Պատրաստվում ենք էապես պարզեցնել ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգն ու գործընթացը», – նշել է Թունյանը։
Ներկայումս գործող կարգի համաձայն՝ աշխատող բոլոր ՀՀ քաղաքացիները պարտավոր են մինչև նոյեմբերի 1-ը՝ էլեկտրոնային ստորագրությամբ մուտք գործել եկամուտների հայտարարագրման հարթակ և լրացնել համապատասխան ձևը։ Համակարգ մուտք գործելուց հետո քաղաքացին տեսնում է մի շարք ավտոմատ լրացված տվյալներ, օրինակ՝ աշխատավարձը, որը արդեն ՊԵԿ-ի կողմից ֆիքսված է լինում։ Քաղաքացին, անհրաժեշտության դեպքում, ավելացնում է լրացուցիչ տեղեկություններ և հաստատում հայտարարագիրը։ Եթե բոլոր տվյալները ճշգրիտ են, ապա պարզապես հաստատում է եղածը և դուրս գալիս համակարգից։
«Մենք այժմ որոշակի փոփոխություն ենք կատարում այդ տրամաբանության մեջ։ Եթե քաղաքացին գտնում է, որ ՊԵԿ-ի կողմից տեսանելի տեղեկատվությունից բացի ինքը որևէ այլ եկամուտ չունի և փաստացի ավելացնելու բան էլ չունի, կարող է անգամ մուտք չգործել այդ համակարգ։ Եվ նոյեմբերի 1-ից հետո կհամարվի, որ քաղաքացու հայտարարագիրը լրացված ու հանձնված է այն տեղեկատվության հիման վրա, որը ՊԵԿ-ին հասանելի է եղել։ Այսինքն՝ այս դեպքում չլրացնելու համար պատասխանատվություն չի լինի», – ասել է Թունյանը։
Քանի որ հայտարարագրերը ՊԵԿ-ն ինքնաշխատ կերպով է լրացնելու, համակարգը համալրվում է նոր գործիքներով, որպեսզի կառույցը կարողանա ավելի շատ տվյալների հասանելիություն ստանալ։ Միաժամանակ, այն քաղաքացիների համար, ովքեր ցանկություն կունենան անձամբ մուտք գործել համակարգ ու լրացնել հայտարարագիրը, կգործի լրացուցիչ օգնական ֆունկցիա։ Այս տարբերակով, եթե քաղաքացու կողմից տրվի համապատասխան համաձայնությունը, ապա ՊԵԿ-ը կկարողանա բանկերից ստանալ տվյալներ նրա ավանդներից ստացված եկամուտների վերաբերյալ և ավտոմատ լրացնել հայտարարագիրը։
«Սա արվում է մարդկանց կյանքը հեշտացնելու համար։ Մենք պատժիչ տրամաբանությունից անցնում ենք մոտիվացիոն տրամաբանությանը, որովհետև հայտարարագիր չլրացնելու համար փաստացի պատասխանատվություն չի լինում, որովհետև նման դեպքեր էլ չեն լինում։ Բայց քաղաքացին սոցիալական կրեդիտներից կկարողանա օգտվել, այսինքն՝ կրթության և առողջապահության վրա կատարված ծախսերի փոխհատուցում կարող է ստանալ միայն այն դեպքում, երբ ինքը մուտք կգործի և գոնե կհաստատի այդ հայտարարագիրը», – նշել է Թունյանը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նախատեսում է նախագիծն ընդունել արտահերթ ընթացակարգով՝ մինչև նոյեմբերի 1-ն այն ուժի մեջ մտցնելու նպատակով։
ՀՀ բոլոր վարձու աշխատողները նոյեմբերի 1–ից պետք է եկամուտների հայտարարագիր ներկայացնեն։ Եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացրած անձը, հաշվետու տարվա ընթացքում իր կամ իր ընտանիքի անդամների համար առողջապահության ու կրթության գծով սոցիալական ծախսեր անելու դեպքում, կարող է օգտվել սոցծախսի փոխհատուցման հնարավորությունից։






