AM
7 Հոկտեմբեր 2025 - 07:39 AMT

Բայրամով․ TRIPP երթուղին ուղիղ կապ կստեղծի Ադրբեջանի և Նախիջևանի միջև «Զանգեզուրի միջանցքով»

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Թյուրքալեզու պետությունների կազմակերպության (ԹՊԿ) անդամ երկրների ԱԳ նախարարների նիստում, որն անցնում է Գաբալայում, խոսել է «TRIPP երթուղու գործարկման» կարևորության մասին։

«Հատուկ նշանակություն ունի TRIPP երթուղու գործարկումը, որի մասին հայտարարվել է Վաշինգտոնի գագաթնաժողովում և որը ուղիղ կապ կապահովի Ադրբեջանի շրջանների և Նախիջևանի միջև Զանգեզուրի միջանցքով։ Դա կարևոր քայլ է մեր տարածաշրջանում կապերի դիվերսիֆիկացման տեսակետից»,–ասել է նա, գրում է Minval.az-ը։

Բայրամովը նաև նշել է, որ ԹՊԿ երկրները իրենց աշխարհագրական դիրքի շնորհիվ կամուրջ են հանդիսանում Եվրոպայի և Ասիայի միջև՝ ապահովելով կարևոր տրանսպորտային, լոգիստիկ և տարանցիկ ուղիներ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 80-րդ նստաշրջանում ունեցած ելույթում, արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին, ասել է, որ «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունն ընկալվում է որպես տարածքային պահանջ Հայաստանից։ Նա ընդգծել է, որ թեև Վաշինգտոնյան հռչակագրով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատված, դեռևս առկա են լուրջ անելիքներ, իսկ Ադրբեջանի նախագահի հռետորաբանությունը հակասում է խաղաղության կառուցման տրամաբանությանը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արթուր Հովհաննիսյանը հայտարարել էր, որ կոչ են անում ադրբեջանցի գործընկերներին՝ խոսույթը համապատասխանեցնել փաստաթղթերին։