AM
7 Հոկտեմբեր 2025 - 12:07 AMT

ԵԽ պատգամավոր․ Պատրաստ ենք խորացնել գործակցությունը՝ ՀՀ–ն ԵՄ-ին մոտենալու քաղաքական կամք ունի

Եվրոպական խորհրդարանի կազմում 2019 թվականից գործող Ժողովրդավարության աջակցության և ընտրությունների համակարգման խումբը` DEG-ը, նպատակ ունի ժողովրդավարության տարածում ապահովել ԵՄ-ի սահմաններից դուրս։ Ամեն տարի խումբը ընտրում է երկրներ, որտեղ իրականացվելու է իր գործունեությունը, և այս տարի առաջնահերթություն է տրվել Հայաստանին։ DEG-ի շրջանակում Հայաստանի հետ աշխատանքները համակարգելու է Եվրախորհրդարանում Իսպանիան ներկայացնող պատգամավոր Նաչո Սանչեսը, հայտնում է Արմենպրեսը։

Նա ասել է, որ Հայաստանը ԵՄ-ին մոտենալու քաղաքական կամք է ցույց տալիս և որ պատրաստ են խորացնել համագործակցությունը:

«Խումբը ստեղծվել է՝ ընդհանուր առմամբ ժողովրդավարությունը խթանելու նպատակով։ Յուրաքանչյուր տարի մենք որոշում ենք, թե որ երկրներում ենք պատրաստվում աշխատել։ Հայաստանը ընտրվել է որպես առաջնահերթ երկիր։ Իմ գործընկերները ինձ հանձնարարեցին առաջնորդել Ժողովրդավարության աջակցության և ընտրությունների համակարգման խմբի գործունեությունը Հայաստանի ուղղությամբ, այսինքն՝ ես խորհրդարանում հանդիսանում եմ այս տարածաշրջանի դեմքը՝ կապված ձեր երկրի հետ։

Ի՞նչ ենք անում։ Հիմնականում աշխատում ենք Հայաստանի Ազգային ժողովի հետ՝ միջնորդության, երկխոսության խթանման, երիտասարդ առաջնորդների և կին պատգամավորների գործունեության ուղղությամբ։ Սա կենտրոնացած է խորհրդարանական աշխատանքի վրա, երբեմն՝ նաև կուսակցությունների։ Սակայն դա «հատուկ զեկուցողի» դեր չէ, այսինքն՝ չենք գնահատում երկրի ընդհանուր պատկերը։ Սա ավելի շատ միջխորհրդարանական համագործակցություն է՝ ուղղված ժողովրդավարության խթանմանը»,-ասել է նա։

Մշակութային ժառանգության վերաբերյալ Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված Լեռնային Ղարաբաղում արձանագրված ոչնչացման դեպքերին անդրադառնալով՝ Սանչեսը նշել է, որ այս հարցը բազմիցս ընդգծվել է տարբեր բանաձևերում։

«Ցավոք, սա աշխարհի շատ հակամարտությունների հետևանքներից մեկն է։ Խորհրդարանը մշտապես շեշտում է մշակութային ժառանգության պահպանման կարևորությունը․ սա պարզապես քարերի հարց չէ, սա ինքնության հարց է։ Այդ իսկ պատճառով մենք շատ լավ գիտենք, որ սա չափազանց զգայուն թեմա է, և մենք միշտ փորձում ենք անդրադառնալ դրան, ինչպես եղել է հայկական ժառանգության դեպքում Լեռնային Ղարաբաղում և Թուրքիայի որոշ տարածքներում»,–ասել է պատգամավորը։

Ըստ նրա՝ Բաքվում պահվող հայ ռազմագերիների հարցը նույնպես մտահոգում է Եվրախորհրդարանին։

«Դա Ժողովրդավարության աջակցության և ընտրությունների համակարգման խմբի ուղիղ օրակարգի մաս չէ, սակայն այն մտահոգում է ամբողջ Եվրոպական խորհրդարանին։ Մենք գիտենք, որ նախագահ Թրամփը հանձնառություն է ստանձնել այս հարցով զբաղվելու համար։ Եվ կարող եմ պատկերացնել, որ Հայաստանը, լինելով կառուցողական և նույնիսկ երբեմն քաղաքական գին վճարելով իր քայլերի համար, այժմ լիովին իրավասու է պահանջելու, որ միջնորդը՝ այս դեպքում պարոն Թրամփը, կատարի իր խոստումները՝ կապված ղարաբաղյան հայ ղեկավարների և ռազմագերիների ազատ արձակման հետ»,-ասել է նա։

Տեղահանված հայերի խնդիրներին ԵՄ-ի արձագանքի վերաբերյալ Սանչեսը շեշտել է՝ անկախ քաղաքական զարգացումներից՝ հումանիտար աջակցությունն առաջնային է։

«Այո, անկախ իրավական կամ քաղաքական զարգացումներից, որովհետև այս հարցը շատ քաղաքական է՝ այս մարդկանց հումանիտար իրավիճակը պետք է ցանկացած դեպքում պաշտպանված լինի։ Նույնիսկ եթե Թրամփը չկատարի իր պարտավորությունները կամ եթե առաջընթաց չլինի, այս մարդկանց պաշտպանության միջազգային պարտավորությունները մնում են ուժի մեջ։ Այս առումով պարտավորություն ունի նաև Ադրբեջանը»,–ասել է նա։

Հայաստանի՝ ԵՄ-ին մոտենալու գործընթացի համատեքստում Սանչեսը նշել է․ «Հայաստանը կորցրել է ժողովրդավարության և մարդու իրավունքների ոլորտում ԱՄՆ-ի ֆինանսավորման զգալի մասն այն բանից հետո, երբ Թրամփի վարչակազմը դադարեցրեց նման ծրագրերը։ Եվրոպական միությունն ամբողջ աշխարհում բախվում է նման խնդրի․ մենք չենք կարող ամբողջությամբ փոխարինել ամերիկյան ներդրումներին։ Սակայն մենք պատրաստ ենք խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ, քանի որ ձեր երկիրը ցույց է տալիս ԵՄ-ին մոտենալու քաղաքական կամք։ Այդ իսկ պատճառով մենք պատրաստ ենք աջակցել ցանկացած ձևաչափով՝ միջնորդությունից և երկխոսությունից մինչև խորհրդարանական աշխատանքի բարելավում՝ ԵՄ խորհրդարանի և անդամ պետությունների խորհրդարանների ներգրավմամբ»։

ԵՎՐԱՆԵՍԹ-ի՝ Երևանում կայանալիք նիստի մասին խոսելով՝ Նաչո Սանչեսը նկատել է, որ տարածաշրջանում Հայաստանը ներկայում առանձնանում է կայունությամբ, ինչը նրան առավել ազդեցիկ գործընկեր է դարձնում եվրոպական կառույցների համար։

«ԵՎՐԱՆԵՍԹ-ը տարածաշրջանային խորհրդարանական հարթակ է, որը վերջին շրջանում անցել է բարդ շրջանով՝ տարբեր պատճառներով։ Բելառուսը չի մասնակցում քաղաքական պատճառներով, Ուկրաինան պատերազմի մեջ է, Մոլդովայում ընտրություններ են, Վրաստանի իշխանությունները հստակորեն հեռանում են եվրոպական ուղուց, իսկ Ադրբեջանում առկա են ժողովրդավարության հայտնի խնդիրներ։ Այս համատեքստում Հայաստանը կարելի է համարել հարաբերական կայունության «կղզի»։ Այդ իսկ պատճառով ճիշտ է, որ այս տարվա նիստը կայանա Երևանում։ Թեև միջավայրը բարդ է, այդուամենայնիվ, կարևոր է անցկացնել ԵՎՐԱՆԵՍԹ-ի նիստը՝ վերականգնելու բոլոր երկրների պատգամավորների նվիրվածությունը մեր ընդհանուր նպատակներին՝ հարևանության քաղաքականության առաջմղման գործում։ Որոշ երկրներ կդառնան թեկնածու անդամներ, որոշները՝ ոչ, բայց բոլորը փորձում են առաջ գնալ եվրոպական ուղով, ինչպես Հայաստանի դեպքում։ Այս հանդիպումը հրաշալի հնարավորություն է՝ գնահատելու, թե որքանո՞վ են այս երկրները քաղաքական կամք ցուցաբերում Եվրոպային մոտենալու ուղղությամբ»,–ասել է Սանչեսը։

Մարտի 26-ին Հայաստանի Ազգային ժողովը երկրորդ և վերջնական ընթերցմամբ հավանություն է տվել ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագծին։ Հայաստանի կառավարությունը հունվարի 9-ին հավանություն էր տվել Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին նախագծին, որը ներկայացրել էր «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը։ Սակայն ԵՄ-ն դեռևս պաշտոնական հրավեր չի ուղղել Հայաստանին՝ անդամակցության վերաբերյալ, իսկ ընդդիմադիր ուժերը փաստաթուղթը անվանել են իրավական առումով անհեթեթ։ ՀՀ նախագահը ստորագրել է օրենքը։

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ևս հայտարարել է, որ Հայաստանը չի կարող «նստել երկու աթոռի վրա» և ստիպված է լինելու ընտրություն կատարել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև։