ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային գործերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը հայտարարել է, որ Մոսկվայում գոհ են, որ այժմ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ռազմական բախումներ չկան, սակայն «Թրամփի ուղու» իրականացումը լուրջ կասկածներ է առաջացնում։ Այդ մասին նա ասել է Մոսկվա-Մինսկ-Աստանա-Երևան-Տաշքենդ-Թբիլիսի տեսակամրջի ժամանակ։
Ըստ նրա՝ առանց Ռուսաստանի մասնակցության չի հաջողվի մինչև վերջ լուծել Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր խնդիրները, հայտնում է Sputnik Արմենիան։
«Չեմ կարծում, որ այդ ծրագիրը հեշտ իրագործելի կլինի։ Բազմաթիվ հարցեր են առաջանում` հատկապես հաշվի առնելով, որ Թրամփի վարչակազմը տարածաշրջանից հազարավոր կիլոմետրեր հեռու է։ Այստեղ կան Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը։ Ուստի դա պետք է լինի խաղաղության, համագործակցության ճանապարհ, ձեռնտու լինի բոլոր կողմերին` և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին»,- ասել է Ջաբարովը։
Նա շեշտել է, որ ապագա տրանսպորտային զարկերակը չպետք է լինի ճանապարհ, որը մի երկրին շահույթ կբերի ի վնաս մյուսի։ Պետք է շահերի հավասարակշռություն լինի, որպեսզի բոլոր կողմերը օգուտ ստանան։
Ջաբարովը հավելել է, որ Ռուսաստանը շարունակում է առանցքային դեր ունենալ Հարավային Կովկասի կայունության ապահովման գործում։
«Ռուսաստանն այն երկիրն է, որ շահագրգռված է Հարավային Կովկասի կայունությամբ ու ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ բարեկամական հարաբերություններով։ Այդ ճանապարհը պետք է ծառայի պետությունների զարգացմանը, ոչ թե երրորդ երկրների շահերին»,-ընդգծել է նա։
Ջաբարովի խոսքով՝ Թրամփն արեց իր գործը, և տարածաշրջանի իրադարձությունները նրան այլևս չեն հետաքրքրում։
Վաշինգտոնում ՀՀ, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարներ Նիկոլ Փաշինյանը, Իլհամ Ալիևն ու Դոնալդ Թրամփը պաշտոնապես համաձայնության են եկել «Թրամփի ուղին» գործարկելու շուրջ։
«Երթուղին թույլ կտա, որ Ադրբեջանը կարողանա հասնել Նախիջևան՝ լիովին հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը։ Հայաստանը նաև բացառիկ գործընկերություն է ստեղծում ԱՄՆ-ի հետ, որպեսզի զարգացնի այս միջանցքը, ժամկետը կարող է մինչև 99 տարով երկարաձգվել, խոստացել են 99 տարուց հետո էլ երկարաձգել 99 տարով։ Ենթակառուցվածքային լուրջ զարգացումներ ենք ակնկալում, ամերիկյան ընկերություններն անհամբեր սպասում են՝ մուտք գործելու այս երկրներ և մեծ գումարներ ծախսելու, ինչը տնտեսական օգուտներ կբերի մեր երեք պետություններին»,–ասել է Թրամփը։
Սեպտեմբերի 11-ին Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի կողմից ամերիկյան կողմին ոչ թե հող է տրվել վարձակալությամբ 99 տարով, այլ տրամադրվել է կառուցապատման իրավունք։






