Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան ոչ միայն ուշադրությամբ հետևում է Հարավային Կովկասում ընթացող զարգացումներին, այլ նաև անկեղծորեն սատարում է այդ տարածքում խաղաղություն և կայունություն հաստատելու բոլոր նախաձեռնություններին։ Այդ մասին նա ասել է Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների ղեկավարների խորհրդի 12-րդ գագաթնաժողովում, որն անցնում է Ադրբեջանի Գաբալա քաղաքում։
«Օգոստոսի 8-ին Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրված համատեղ հռչակագիրը համարում ենք դրական քայլ և հույս ունենք, որ այն կշարունակվի»,– ասել է Էրդողանը, հայտնում է Factor.am-ը։
Էրդողանն իր ելույթում անդրադարձել է նաև Կենտրոնական Ասիայում տեղի ունեցող գործընթացներին՝ նշելով, որ Թուրքիան ողջունում է նաև այն համաձայնագիրը, որը ստորագրվել է Ուզբեկստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի միջև՝ սահմանային անցակետերի սահմանազատման ուղղությամբ։
Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:
Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։






