AM
8 Հոկտեմբեր 2025 - 06:58 AMT

Քննարկել է կանաչ և շրջանաձև տնտեսության ռազմավարության նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Կանաչ, կայուն և շրջանաձև տնտեսության զարգացման շրջանակային ռազմավարության նախագիծը և դրանից բխող գործողությունների ծրագիրը:

Ներկայացվել են մանրամասներ ռազմավարության նախագծի իրավական հիմքերի, հիմնական ոլորտային ուղղությունների, իրագործման թիրախների, ինչպես նաև ընդհանուր և ոլորտային նպատակների, իրականացվելիք քայլերի ու սպասվող արդյունքների վերաբերյալ։

Ընդգծվել է, որ նախատեսվում է միջոցառումների իրականացում էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, քաղաքաշինության, արդյունաբերության, արտադրության, սպասարկման և մի շարք այլ բնագավառներում։

Ակնկալվում է, որ ռազմավարության իրականացումը կխթանի տնտեսության կայուն առաջընթացը, կբարելավի բնական ռեսուրսների կիրառման արդյունավետությունը, կավելացնի ռեսուրսախնայող ճյուղերի տեսակարար կշիռը, կանաչ աշխատատեղերի քանակը, կանաչ և մասնավոր ներդրումների ծավալները, ինչպես նաև կխրախուսի արտադրողականության և մրցունակության աճը։

Ընդհանուր նպատակների և գործողությունների շրջանակում նախատեսվել է ներդնել տաքսոնոմիայի համակարգ՝ կանաչ, անցումային և նպաստող ծրագրերի ու միջոցառումների դասակարգման համար, ինչպես նաև մշտադիտարկման և գնահատման մեխանիզմներ՝ կանաչ տնտեսության անցման գործընթացը չափելու համար։

Հանդիպման մասնակիցներն արտահայտել են իրենց տեսակետները նախագծում առաջարկված ուղենիշների ու առաջնահերթությունների վերաբերյալ։

Քննարկվել են նաև էլեկտրական տրանսպորտային միջոցների օգտագործման խթանմանն ուղղված քայլերը, ներկայացվել են միջնաժամկետ կարգավորումների մանրամասներ։

Քննարկումն ամփոփելով՝ վարչապետը կարևորել է, որ իրականացվելիք միջոցառումները լինեն թիրախային, նպաստեն ոլորտային քաղաքականության իրագործմանը և տվել է հանձնարարականներ հետագա քայլերի ուղղությամբ։