Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 8-ին ընդունել է Starbucks-Alshaya Group Eurasia ընկերության փոխնախագահ Ֆիգեն Իլգազին և անշարժ գույքի գծով տնօրեն Հանզադե Կուղուին՝ Starbucks-ի՝ հայաստանյան շուկա մուտք գործելու հնարավորությունները քննարկելու նպատակով։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաղորդմամբ՝ հյուրերը ներկայացրել են Starbucks-ի առաքելությունն ու միջազգային ներկայությունը՝ նշելով, որ այս պահի դրությամբ բրենդն աշխատում է 86 երկրում և ունի ավելի քան 40 հազար սուրճի կետ։
Ընկերության ներկայացուցիչները հայտնել են իրենց հետաքրքրությունը տարածաշրջանում ընդլայնվելու ուղղությամբ, այդ թվում՝ Հայաստանում։
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել սրճարանային ոլորտի զարգացող միտումներին, ոլորտում առկա ներուժին, ենթակառուցվածքների բարելավման հնարավորություններին և սուրճի սպառման շուկայի առանձնահատկություններին։
«Բարձրորակ միջազգային ներդրումների ներգրավումը Հայաստանի համար առաջնահերթություն է, և մենք ձեր այցելությունն արժևորում ենք որպես խոստումնալից քայլ այդ ուղղությամբ։ Հայաստանը առաջարկում է կայուն, բաց և բարեփոխումներին միտված բիզնես միջավայր՝ հենված երիտասարդ և բարձր կրթական ներուժ ունեցող մարդկային ռեսուրսների, զբոսաշրջության ոլորտի շարունակական աճի, ինչպես նաև դինամիկ զարգացող և մրցունակ սպառողական շուկայի վրա», – նշել է Գևորգ Պապոյանը։
Նախարարը վերահաստատել է կառավարության պատրաստակամությունը՝ աջակցելու Starbucks-ի մուտքին հայաստանյան շուկա՝ ընդգծելով, որ այդ քայլը կխթանի զբոսաշրջության և ներդրումների աճը։
Հանդիպմանը մասնակցել են նաև էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանն ու «Enterprise Armenia»-ի գործադիր տնօրեն Գոհար Աբաջյանը։






