ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2025 թվականի օգոստոսին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, Հայաստանում ծառայությունների ոլորտում ամենամեծ գնաճը գրանցվել է մարդատար տրանսպորտի գծով։
Տրանսպորտի ուղեվարձը մեկ տարում աճել է 27.6%-ով, իսկ թանկացումն առավելապես նկատվել է Երևանում, Կոտայքի և Արագածոտնի մարզերում, գրում է Sputnik Արմենիան։
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ հանգստի կազմակերպման գները մեկ տարվա կտրվածքով աճել են 14.3%, վարսավիրանոցների սպասարկման գները՝ 11.5%, մինչդեռ ռեստորանների և սրճարանների գների աճը կազմել է համեմատաբար մեղմ՝ 2.4%։
Բացի այդ, կրթական ծառայությունների գները բարձրացել են 7.8%-ով, իսկ բժշկական ծառայությունները թանկացել են 3.2%-ով։
Տվյալները վկայում են, որ Հայաստանում ծառայությունների ոլորտում գնաճի հիմնական ծանրաբեռնվածությունը ընկել է հանրային տրանսպորտի և ժամանցի վրա։






