AM
8 Հոկտեմբեր 2025 - 14:56 AMT

ԵԺԿ–ն «կեղծված է անվանել Վրաստանի ընտրությունները, Կոբախիձեն խոսել է «ԵՄ–ում ողբերգական վիճակի մասին»

Եվրոպական ժողովրդական կուսակցությունը (ԵԺԿ) պահանջել է, որ ԵՄ–ն կիրառի նպատակային պատժամիջոցներ «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի և այն անձանց նկատմամբ, ովքեր «մասնակցել են Վրաստանում ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության խախտմանը»։

«Երբ վրացական ժողովուրդը շարունակում է պայքարել իր ազատությունների և եվրոպական ապագայի համար, օլիգարխ Իվանիշվիլիի «Վրացական երազանքը» հոկտեմբերի 4–ին անցկացրել է հերթական կեղծված ընտրությունները՝ Վրաստանի պատմության ամենացածր մասնակցությամբ և հիմնական ընդդիմադիր կուսակցությունների բոյկոտով, հակառակորդների նկատմամբ զանգվածային հետապնդումների և բռնությունների ֆոնին», — նշված է ԵԺԿ հայտարարության մեջ, հայտնում է «Էխո Կավկազան»։

Նշվում է, որ ձերբակալություններն ու հետպնդման սպառնալիքները նպատակ ունեն սահմանափակել մարդկանց հավաքների իրավունքը։

Կուսակցությունը կոչ է անում «Վրացական երազանքին» «դադարեցնել բռնությունները և հետապնդումները՝ հարգել վրաց ժողովրդի եվրոպական ձգտումները» և նաև կոչ է արել ԵՄ անդամ երկրներին՝ կիրառել պատժամիջոցներ Իվանիշվիլիի և նրա կողմնակիցների դեմ։

Արձագանքելով հայտարարությանը՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդգծել է, որ ոչ մի կազմակերպություն կամ երկիր, այդ թվում ԱՄՆ–ն կամ ԵՄ որոշ երկրներ, չեն «փորձել դատապարտել ժողովրդավարությամբ ընտրված իշխանության տապալման փորձերը, ինչը անուղղակի, սակայն պարզ արտահայտություն է իշխանության փոխելուն և բռնությանն աջակցմանը»։

Կոբախիձեն ասել է, որ «ԵՄ–ն կորցրել է ինքնիշխանությունը և հայտնվել է դրսից կառավարվող եվրոպական բյուրոկրատիայի իշխանության տակ»՝ ողբերգական անվանելով ստեղծված քաղաքական վիճակը ԵՄ–ում։

Թբիլիսիում հոկտեմբերի 4–ի բողոքի ցույցի ժամանակ ձերբակալվել է 23 մարդ։ Ձերբակալվածների թվում են նաև 5 կազմակերպիչներ՝ Փաաթա Բուրչուլաձեն, Մուրցա Զոդելավան, Փաաթա Մանձգալաձեն, Իրակլի Նադիրաձեն ու Լաշա Բերիաձեն։ Նրանք կալանավորվել են։