Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը հոկտեմբերի 9–ին հանդիպելու են Դուշանբեում։
«Հանդիպման փաստն արդեն վկայում է այն մասին, որ նախագահները մտադիր են քննարկել բոլոր ակտուալ հարցերը»,–ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Պեսկովի խոսքով՝ հանդիպման հիմնական թեման երկկողմ հարաբերություններն են լինելու։ Նա հավելել է, որ ռուսական կողմը տրամադրված է դրական։
Վլադիմիր Պուտինը ժամանել է Տաջիկստան պաշտոնական այցով, որը կտևի երեք օր։ Այցի շրջանակում նա կմասնակցի նաև «Կենտրոնական Ասիա–Ռուսաստան» երկրորդ գագաթնաժողովին և ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին։
Մինչ այդ Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, որը Պեսկովը կարևոր է համարել։ Նախքան այդ՝ երկու երկրների ղեկավարները կարճատև հանդիպում են ունեցել սեպտեմբերի 3-ին Պեկինում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակին նվիրված միջոցառումների ընթացքում։
Վերջին շրջանում 2 երկրների հարաբերությունները բավականին լարվել էին։ Հարաբերությունները սրվել են ադրբեջանական ինքնաթիռի կործանումից հետո, որի համար Բաքուն ՌԴ–ին է մեղադրում։
Օգոստոսի սկզբին Բաքուն հայտարարել էր, որ «Ռուսաստանի միտումնավոր ավիահարվածների» մասին, որոնք հասցվել են պետական SOCAR ընկերության նավթաբազային և Ուկրաինայի տարածքում գտնվող այլ ադրբեջանական օբյեկտներին։
Մոսկվայի շրջանի ադրբեջանցիների տարածաշրջանային ազգային-մշակութային ինքնավարության ղեկավար Էլշան Իբրահիմովն արտաքսվել է Ռուսաստանի տարածքից։ Մի քանի օր առաջ Էլշան Իբրահիմովը զրկվել է Ռուսաստանի քաղաքացիությունից։
ՌԴ Քննչական կոմիտեի Սվերդլովսկի մարզի քննչական վարչությունը հունիսի 27–ին հաղորդել է, որ Եկատերինբուրգում ձերբակալվել է 6 կասկածյալ, որոնց մեղադրում են անցյալ տարիներին մի շարք ծանր հանցագործություններ կազմակերպելու մեջ։ Ըստ քննության, նրանք «մաս են կազմել էթնիկ հանցավոր խմբավորման» և մասնակցել են 2001, 2010 և 2011 թվականներին սպանությունների և սպանության փորձերի։ Ստացված նախնական տվյալներով՝ մեկ անձ մահացել է սրտային անբավարարությունից, երկրորդի մահվան պատճառները կպարզվեն հետագայում:






