Իսրայելն ու ՀԱՄԱՍ‑ը համաձայնության են եկել խաղաղ ծրագրի առաջին փուլի շուրջ, որը ենթադրում է հրադադար, պատանդների ազատում ու Իսրայելի բանակի որոշակի հետքաշում։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ինչը հաստատել են հակամարտող կողմերը։
Հանդիպումները տեղի են ունեցել Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ քաղաքում՝ որպես միջնորդներ հանդես էին գալից Քաթարը, Եգիպտոսը և Թուրքիան, գրում է Gazeta.ru-ն։
Խաղաղ համաձայնության առաջին փուլը, որի շուրջ պայմանավորվել են Իսրայելն ու ՀԱՄԱՍ‑ը, ներառում է հումանիտար միջոցներ։ ՀԱՄԱՍ‑ը պարտավորվել է ազատել բոլոր կենդանի գերիներին (վերջին տվյալներով՝ 20 մարդ), իսկ Իսրայելն իր զորքերը հետ կքաշի մինչև համաձայնեցված գիծը։ Պլանը ենթադրում է հումանիտար կազմակերպությունների մուտքի ընդլայնում Գազայի հատված՝ այդ թվում ՄԱԿ‑ի և Միջազգային Կարմի խաչի կոմիտեի աշխատակիցների համար։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր Truth սոցիալական ցանցում gրել է, որ Իսրայելն ու ՀԱՄԱՍ‑ը «ստորագրել են խաղաղ ծրագրի առաջին փուլը»։
Նա հայտարարել է. «Բոլոր գերիները շատ շուտով կազատվեն, իսկ Իսրայելն իր զորքերը կհանի համաձայնեցված գիծ։ Սա առաջին քայլն է կայուն և երկարաժամկետ խաղաղության ուղղությամբ։ Սա հիանալի օր է արաբական և մահմեդական աշխարհի, Իսրայելի և Ամերիկայի Միացյալ Նահանգների համար։ Մենք շնորհակալ ենք Քաթարին, Եգիպտոսին և Թուրքիային միջնորդության համար, որոնք օգնեցին, որ այս իրադարձությունը հնարավոր դառնա։ Օրհնյալ են խաղաղարարները», — գրել է Թրամփը։
Reuters և Associated Press գործակալությունների տվյալներով՝ հանդիպումներն անցկացվել են փակ ձևաչափով՝ ազգային անվտանգության խորհրդականների և Միջին Արևելքի հատուկ ներկայացուցիչների մասնակցությամբ։ Քաթարը և Եգիպտոսը հանդես են եկել հիմնական միջնորդների դերում՝ համակարգելով առաջարկների փոխանակումն ու փոխանակման պայմանների համաձայնեցումը։
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտնել է, որ արդեն հոկտեմբերի 9–ին կառավարության նիստ կգումարի համաձայնագրի հաստատման համար։
Նեթանյահուն կոչ է արել համաձայնությունները «Իսրայելի ազգային և բարոյական հաղթանակ» համարել և շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահին։
«Ես շնորհակալ եմ ՑԱԽԱԼ-ի հերոսական զինվորներին և անվտանգության ուժերին, որոնց քաջությունը և անձնազոհությունը մեզ հասցրեց այս օրվան։ Ես ամբողջ սրտով շնորհակալ եմ նախագահ Թրամփին և նրա թիմին՝ մեր պատանդների ազատագրման այս սուրբ առաքելությանը նրանց նվիրումի համար», — հայտարարել է Իսրայելի վարչապետը։
Նա հրավիրել է Թրամփին հանդես գալ Քնեսեթում։
ՀԱՄԱՍ‑ը հաստատել է համաձայնությունները և շնորհակալություն է հայտնել Եգիպտոսին, Քաթարին և Թուրքիային միջնորդության համար։ Շարժման հայտարարության մեջ արտահայտված է շնորհակալություն Թրամփին նրա ջանքերի համար և հորդոր, ուղղված միջազգային հանրությանը՝ ապահովելու Իսրայելի կողմից պայմանների կատարումը։
ՀԱՄԱՍ‑ը ընդգծել է, որ չի հրաժարվի պաղեստինյան ժողովրդի ազգային իրավունքներից, այդ թվում անկախության իրավունքից, և հայտարարել է, որ գերիների ազատման գործընթացը անցկացվելու է միջազգային վերահսկողության ներքո։
Քաթարը, Եգիպտոսը և Թուրքիան հաստատել են, որ պատրաստ են աջակցել համաձայնությունների իրականացմանը և վերահսկել դրանց կատարման գործընթացը։ Քաթարի ԱԳՆ-ն հայտնել է, որ միջնորդները շարունակելու են աշխատել բանակցությունների հաջորդ փուլերի մեխանիզմի վրա փոխանակման ավարտից հետո։ Եգիպտոսը հայտարարել է իր մտադրությունը հումանիտար առաքելություն ուղարկել և մասնագետներ հրադադարի մոնիտորինգի համար, ինչպես նաև ավելացնել Ռաֆա անցակետի թողունակությունը։
ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունել է Իսրայելի ու ՀԱՄԱՍ‑ի համաձայնությունները՝ դրանք որակելով «քաղաքացիական բնակչության տառապանքների դադարեցման կարևոր քայլ»։
Նա ընդգծել է, որ ՄԱԿ-ը կաջակցի համաձայնության կատարմանը և կավելացնի հումանիտար օգնության ծավալը Գազայի հատվածում։ Պարենի ծրագրի ներկայացուցիչը հայտնել է, որ գործակալությունը պատրաստ է մեծացնել սննդամթերքի, վառելիքի և դեղորայքի մատակարարումները՝ հումանիտար բեռների անվտանգ մուտք ապահովելու դեպքում։
Եվրոպական միությունը, Բրիտանիան և Ֆրանսիան հանդես են եկել հայտարարություններով՝ աջակցություն հայտնելով համաձայնություններին, ընդգծելով, որ հրադադարը պետք է իրականացվի առանց ուշացումների և միջազգային հսկողության ներքո։ ԵՄ-ն պատրաստ է ուղարկել հումանիտար համակարգողներ՝ համաձայնության իրականացման աջակցելու համար։ Արաբական երկրների լիգան կոչ է արել կողմերին հետևել ձեռք բերված պայմանավորվածություններին և «խուսափել գործողություններից, որոնք կարող են խանգարել գործընթացին»։






