AM
9 Հոկտեմբեր 2025 - 10:22 AMT

Նագիև․ Վաշինգտոնյան փաստաթուղթը հույս է ներշնչում անհետ կորածների որոնումների հարցում

Ադրբեջանի անվտանգության պետական ծառայության (ՍՊԾ) ղեկավար, ռազմագերիների, պատանդների և անհետ կորած քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովի նախագահ Ալի Նագիևը հայտարարել է, որ օգոստոսի 8–ին ՀՀ, Ադրբեջանի և ԱՄՆ կողմից հռչակագրի ստորագրումը, ինչպես նաև փետրվարին Ադրբեջանի ու Հայաստանի համապատասխան հանձնաժողովների առաջին հանդիպումը, ինչպես նաև հետագա շփումները և որոշակի տեղեկությունների փոխանակումը, նոր հույս են ներշնչում անհետ կորածների հարցում։

Նա այդ մասին խոսել է «Անհետ կորած անձանց խնդիրների լուծման համար ջանքերի միավորման և համագործակցության ընդլայնման» միջազգային համաժողովում, հայտնում է Trend.az-ը։

Նա վստահություն է հայտնել, որ հայկական կողմի հետ թիրախային շփումները հաջողությամբ կշարունակվեն և դրական ազդեցություն կունենան երկու կողմերի անհետ կորածների ճակատագրերը պարզելու գործում:

Ալի Նագիևը նշել է, որ այս քննարկումների արդյունքներով հայտարարվել է, թե միջազգային հանձնաժողովը անվճար կտրամադրի Ադրբեջանին էլեկտրոնային տվյալների բազա, ինչպես նաև օժանդակություն ցույց կտա անհետ կորածների խնդրի լուծման գործում՝ հատկապես նրանց աճյունների որոնման, արտաշիրիմումների, նույնականացման, համապատասխան հաստատությունների մասնագետների վերապատրաստման, նոր տեխնոլոգիաների և մեթոդոլոգիաների կիրառման, և համագործակցության շարունակման հարցերում։

Հունիսին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովների ներկայացուցիչների հանդիպում։ Նախորդ հանդիպումը կայացել էր 2025 թվականի փետրվարի 7-ին ՀՀ և Ադրբեջանի սահմանին։ Կողմերը կարծիքներ էին փոխանակել անհետ կորած անձանց ճակատագրի պարզաբանման հարցերի վերաբերյալ և համաձայնության եկել, որ հանձնաժողովների միջև փոխադարձ համաձայնությամբ քննարկումները կշարունակվեն:

Պաշտոնական տվյալներով՝ 90-ականների սկզբից անհետ կորած է համարվում 993 հայ, 44-օրյա պատերազմից հետո անհետ կորել է մոտ 200 հայ զինվոր։ Հայաստանը 44–օրյայից հետո Ադրբեջանին է փոխանցել 51 ադրբեջանցիների մարմին, ինչպես նաև 1990-ականներին զոհված 140 ադրբեջանցիների ոսկրեր։