Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել է, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը, ինչպես նաև երկու երկրների ղեկավարների կողմից ստորագրված համատեղ հռչակագիրը, դարձել են լուրջ քայլ ավելի քան երեք տասնամյակ ձգված հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ։
Այդ մասին Հասանովն ասել է Անկարայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, որը տեղի է ունեցել Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի և Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի մասնակցությամբ, հայտնում է Report.az-ը։
Հասանովը շեշտել է, որ այս պատմական իրադարձությունը հիմք է հանդիսացել նոր ձևաչափերով համագործակցության համար՝ ինչպես Հարավային Կովկասում, այնպես էլ գլոբալ մակարդակում։
Նա նաև ասել է․ «Մենք նպատակ ունենք շարունակել և խորացնել պաշտպանության նախարարությունների համագործակցությունը երեք երկրների միջև»։
Նախարարը կարևորել է տարածաշրջանում կայուն խաղաղության, կայունության և անվտանգության ապահովման համար համատեղ ջանքերի անհրաժեշտությունը։
Նա հավելել է նաև, որ եռակողմ հանդիպման ընթացքում շեշտադրվել է խաղաղությանը, կայունությանը և տարածաշրջանային անվտանգությանն ուղղված սպառնալիքների դեմ միասնական պայքարի կարևորությունը։
Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:
Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։ ռաջնորդ






