AM
10 Հոկտեմբեր 2025 - 10:15 AMT

ՀՀ–ն և Իրանը մտադիր են համատեղ ձեռնարկություններ բացել․ Նախապատրաստական աշխատանքներ են տարվում

Հայաստանի և Իրանի միջև տնտեսական հարաբերությունները խորացնելու, համատեղ արտադրական ձեռնարկություններ և գործարաններ բացելու վերաբերյալ երկկողմ պայմանավորվածությունները կյանքի կոչելու նպատակով ընթանում է նախապատրաստական ակտիվ աշխատանք, ճշգրտվում են այդ ուղղությամբ կատարվելիք քայլերը:

Այդ մասին հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից՝ անդրադառնալով Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Մոհամադ Աթաբակի հայտարարությանն այն մասին, որ Իրանն ու Հայաստանը պայմանավորվել են համատեղ արտադրական ձեռնարկություններ ու գործարաններ բացել ինչպես Իրանում, այնպես էլ Հայաստանում, հայտնում է Արմենպրեսը։

Ըստ նախարարության՝ ներկայում ճշգրտվում են ծրագրի իրականացմանն առնչվող մանրամասները, ներառյալ գործառնական քայլերն ու առաջիկա գործողությունները։

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից փոխանցել են, որ այդ նախաձեռնությունների շրջանակում կողմերը կարևորել են աշխատանքային խմբերի ձևավորումը՝ համագործակցությունն ավելի ինստիտուցիոնալ մակարդակի հասցնելու և պայմանավորվածությունների արդյունավետ իրականացումն ապահովելու համար։

Նախարարությունը հայտնել է, որ իր կողմից արդեն տրամադրվել են անհրաժեշտ տվյալները, որոնք թույլ են տալիս գործընթացը տեղափոխել գործնական փուլ, և այժմ սպասում են իրանական կողմի արձագանքին։

Ըստ նախարարության, համատեղ արտադրական ձեռնարկությունների և գործարանների հիմնադրման հարցում քննարկվող ոլորտներն ընդգրկում են լայն շրջանակ՝ համապատասխան ՀՀ տնտեսական դիվերսիֆիկացման քաղաքականությանը։ Այդ առումով Հայաստանը պատրաստ է հնարավոր աջակցություն ցուցաբերել տարբեր ճյուղերում ներդրումներ իրականացնող կողմերին։

Նախարարությունը նշել է, որ այս պահին նախապատրաստական աշխատանքները շարունակվում են, իսկ ծրագրերի տեխնիկական մանրամասներն ու գործարկման ժամկետները վերջնականորեն կորոշվեն առաջիկա երկկողմ քննարկումներում։

Նախարարության մեկնաբանության մեջ նշվել է նաև, որ վերջին տարիներին Հայաստան-Իրան առևտրատնտեսական հարաբերությունները զարգացել են կայուն և աճի բարձր տեմպերով։ 2025 թվականի օգոստոսին ոլորտային գերատեսչությունների միջև տեղի ունեցած ակտիվ երկխոսությունը վկայել է կողմերի միջև խորացող տնտեսական համագործակցության և փոխադարձ հետաքրքրությունների ընդլայնման մասին։

Նախարարությունում ընդգծել են նաև, որ «Խաղաղության խաչմերուկ»-ը և TRIPP նախաձեռնությունը կարող են նպաստել տարածաշրջանային համագործակցության նոր հարթակի ձևավորմանը՝ խթանելով փոխվստահությունն ու ենթակառուցվածքների զարգացումը։

«Այս նախաձեռնությունները բացում են համագործակցության նոր հորիզոններ, որոնք իրենց հերթին ձևավորում են տնտեսական կապերի ամրապնդման, զարգացման և տարածաշրջանում իրական ու տևական խաղաղության հաստատման հուսադրող հեռանկարներ։ Մենք կարևորում ենք այս հնարավորությունները, պատրաստ ենք լիարժեք օգտագործել դրանք՝ ի շահ մեր պետությունների ու ժողովուրդների բարօրության։ Համոզված ենք, որ օգտագործելու ենք տարածաշրջանի բոլոր երկրների տնտեսական ներուժը, այդ թվում՝ մեր բարեկամ Իրանի հետ»,– ընդգծել են նախարարությունից։

Նրանք նաև նշել են, որ Իրանի աշխարհագրական դիրքը, հաղորդակցման տարածաշրջանային ցանցերին միացված լինելը և հարևան երկրների շուկաների հետ ունեցած կապերը ստեղծում են լայն հնարավորություններ հայ-իրանական տնտեսական կապերի խորացման համար։

Սեպտեմբերի 24-ին Մոսկվայում Մոհամադ Աթաբակը նշել էր․ «ՀՀ հետ մեր երկիրը ունի շատ լավ հարաբերություններ։ Երկու երկրների միջև տնտեսական ու առևտրային համագործակցության ծավալներն աստիճանաբար աճում են։ Վերջերս նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ մեր այցի ընթացքում քննարկել ենք համագործակցության բոլոր ոլորտները՝ արտադրություն, առևտուր, ապրանքների մատակարարում և հանածոների մշակում։ Խոսվել է նաև փոխադարձ ներդրումների, արտադրական նախագծերի իրականացման և շուկաներում իրացման հնարավորությունների ընդլայնման մասին։ Ունենք պայմանավորվածություն համատեղ արտադրական ձեռնարկություններ և գործարաններ բացելու վերաբերյալ ինչպես Իրանում, այնպես էլ Հայաստանում»։