AM
10 Հոկտեմբեր 2025 - 10:54 AMT

Լուկաշենկոն՝ Ալիևին․ Իսկ դուք ասում էիք չի գա Փաշինյանը, մտահոգվում էիք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Տաջիկստանում է ՝ մասնակցելու ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին։

Գագաթնաժողովի մեկնարկից առաջ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մի քանի բառ է փոխանակել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Լուկաշենկոն, դիմելով Ալիևին ու Փաշինյանին, որոնք այդ պահին նստած էին նույն բազմոցին, ասել է․ «Իլհամ Հեյդարովիչ, իսկ դուք ասում էիք «չի գա», մտահոգվում էիք երեկ։ Ասում էի չէ՝ Նիկոլ Վովաևիչն առանց մեզ՝ ոչ մի տեղ»:

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստում հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միության դռները միշտ բաց են նոր անդամների համար, իսկ անդամակցությունն ակնհայտ օգուտ է բերում երկրներին։

«Մենք բոլորս լավ գիտենք, թե ինչպես են այս 30 տարվա ընթացքում ձևավորվել մեր հարաբերությունները։ Եվ պատահական չէ, որ ստեղծվեց ԵԱՏՄ-ը, քանի որ ԱՊՀ շրջանակում չէր հաջողվում գտնել այնպիսի մեխանիզմներ, որոնք ընդունելի կլինեին գործընթացի բոլոր մասնակիցների համար։ Հենց այդ պատճառով առանձնացավ մի խումբ երկրներ, որոնք գնացին առևտրատնտեսական կապերի խորացման ճանապարհով, և այդ խումբը հենց ԵԱՏՄ-ն է։

ԵԱՏՄ-ի դռները, իհարկե, միշտ բաց են։ Մենք այս թեմայի շուրջ այս կամ այն ձևով զրուցում ենք գործընկերների հետ։ Իմ կարծիքով՝ սա շահավետ է. տնտեսական օգուտներ է տալիս, բացում է ավելի շատ շուկաներ, նվազագույնը՝ ստեղծում է ավելի մեծ համագործակցության պայմաններ։ Եվ ի վերջո, սա օգտակար է։ Ուղղակի օգտակար է։ Անվերապահորեն»,–ասել է նա։

Վերջին շրջանում Լուկաշենկոյի և Փաշինյանի հարաբերությունները բավականին լարված են։ Ավելի վաղ՝ Հայաստանի վարչապետը մեղադրել է Լուկաշենկոյին՝ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ Ադրբեջանին աջակցելու մեջ։ Նա նաև հայտարարել է, որ ոչ ինքը, ոչ այլ հայ պաշտոնյա չեն այցելելու Բելառուս այնքան ժամանակ, քանի դեռ Լուկաշենկոն շարունակում է ղեկավարել երկիրը։ Բելառուսում անցկացված Եվրասիական տնտեսական միության միջոցառումներին, որտեղ 2025 թվականին նախագահում է Մինսկը, Հայաստանը մասնակցել է բացառապես հեռակապով։