AM
10 Հոկտեմբեր 2025 - 11:39 AMT

Հես․ «ԴիջիԹեքը» դարձել է տեխնոլոգիական ամենակարևոր իրադարձությունը ոչ միայն ՀՀ–ում, այլև ամբողջ Կովկասում

Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսը «ԴիջիԹեք 2025»-ի բացման արարողության ժամանակ ասել է, որ «ԴիջիԹեքը» դարձել է տեխնոլոգիական և թվային ոլորտի ամենակարևոր իրադարձությունը ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ Կովկասում:

«Հիշում եմ, երբ չորս տարի առաջ ժամանեցի Հայաստան և նաև ներկա գտնվեցի «ԴիջիԹեքին», այն ժամանակ միջոցառումը շատ էր տարբերվում այն ամենից, ինչ ես հիմա տեսնում եմ․ այժմ միջոցառումն ավելի մեծ է իր մասշտաբներով և բովանդակային առումով։ Կարծում եմ, որ «ԴիջիԹեքը» դարձել է տեխնոլոգիական և թվային ոլորտի ամենակարևոր իրադարձությունը ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ Կովկասում։ Կարծում եմ, որ սա մեծ ձեռքբերում է»,-նշել է նա, հայտնում է Արմենպրեսը։

Նրա խոսքով՝ այսօրվա միջոցառումը ԵՄ-ի կողմից Հայաստանին տրամադրվող աջակցության միակ արտահայտությունը չէ։

«Մենք հպարտ ենք աջակցել Հայաստանին նաև կրթության ոլորտում, որը շատ կարևոր է, քանի որ Հայաստանում պետք է լինեն ուսանողներ և մասնագետներ, որոնք կկարողանան գործունեություն ծավալել արհեստական բանականության և տեխնոլոգիաների ոլորտում։ Մենք աջակցում ենք նաև ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնին։ Ես իսկապես տպավորված եմ այս ոլորտներում Հայաստանի գրանցած բոլոր ձեռքբերումներով ու նվաճումներով, ինչի համար շնորհավորում եմ բոլորիդ»,-ասել է Հեսը։

Նա հավելել է նաև, որ հաջորդ տարի Երևանում նախատեսվում է ևս մեկ խոշոր իրադարձություն՝ COP17 համաժողովը (խմբ․՝ ՄԱԿ-ի «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը), որի հաջող ընթացքի հույսն էլ արտահայտել է՝ համեմատելով այն «ԴիջիԹեքի» հետ։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը իր խոսքում ասել է, որ «ԴիջիԹեքն» այն հարթակն է, որի միջոցով հնարավոր է միջազգային հանրությանը ներկայացնել Հայաստանի տեխնոլոգիական առաջընթացն ու ձեռքբերումները, ինչպես նաև քննարկել ոլորտի հետագա ուղղությունները։

«2024 թվականի դեկտեմբերի 4-ին ընդունվեց նոր օրենսդրություն՝ 7-ամյա մի ծրագիր՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտը զարգացնելու նպատակով, որի համար ՀՀ կառավարությունը 7-ամյա կտրվածքով հատկացրեց մի քանի 100 միլիոն դոլար՝ աջակցելու տեխնոլոգիական ընկերություններին։ 2025 թվականի հունվարի 22-ին մենք ընդունեցինք նոր օրենսդրություն, որով երկակի և ռազմական չճանաչված ապրանքների համար մենք նոր մաքսային բարելավում իրականացրինք՝ փորձելով օգնել ինժեներական ընկերություններին»,-ասել է Հայրապետյանը՝ շարունակելով թվարկել 2025 թվականի ընթացքում իրականացված ծրագրերը, որոնք միտված են զարգացնելու տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտը։

Նա հիշատակել է նաև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված Հայաստանի և ԱՄՆ-ի ռազմավարական հուշագիրը, որը վերաբերում է արհեստական բանականության ու կիսահաղորդիչների ոլորտում նորարարական համագործակցության խորացմանը։

ԲՏԱ նախարարի համոզմամբ՝ այս բոլոր նախաձեռնությունները հիմք են ստեղծում նոր ձեռքբերումների ու առաջընթացի համար՝ սկսած հենց այս «ԴիջիԹեքից»։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շեշտել է, որ այս տարի մայրաքաղաքի մասնակցությունն առավել ընդգծված է, քանի որ քաղաքային իշխանությունները հանդես են գալիս որպես գործընկեր՝ նորարարությունը ներդնելով կառավարման գործընթացներում։

«Մեր ներգրավվածությունն այս տարի առավել ընդգծված է: Մենք «ԴիջիԹեքի» կողքին ենք՝ որպես գործընկեր, որը կարողացել է ներդնել նորարարությունը քաղաքային կառավարման մեջ: Տեխնոլոգիաները մեզ համար գործիք են քաղաքը դարձնելու ավելի արդյունավետ, ավելի կանաչ, ավելի մարդակենտրոն»,- ասել է Ավինյանը:

Ավինյանի խոսքով՝ համաժողովի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու Երևանի թվային ուղղություններին, այդ թվում՝ «Ակտիվ քաղաքացի» հարթակին, էլեկտրոնային ծառայություններին, խելացի տրանսպորտի համակարգին ու կառավարման նոր լուծումներին։

Եզրափակելով ելույթը՝ Ավինյանը ընդգծել է, որ «ԴիջիԹեքը» ձևավորում է համագործակցության նոր հարթակ՝ միավորելով պետական, մասնավոր ու միջազգային կառույցներին՝ նպաստելով Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի կայուն զարգացմանը։

«ԴիջիԹեքն» անցկացվում է հոկտեմբերի 10-12-ը «Մերիդիան էքսպոյում»։