Կառավարության նոր ծրագրով քաղաքացիները կարող են հեծանիվներ ձեռք բերել ապառիկ պայմաններով, իսկ վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը կիրականացնի պետությունը։Այդ մասին ասուլիսում ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։
Նա հավելել է, որ ծրագրի այս փուլը նախատեսված է իրականացնել ուսումնական հաստատությունների շրջանակում, հայտնում է Արմենպրեսը։
«Հեծանիվը որպես տրանսպորտային միջոց կիրառելու սովորույթը ձևավորելու, հեծանվային սպորտի զարգացումը խրախուսելու նպատակով կառավարությունը հանդես է գալիս այս նախաձեռնությամբ։ Բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների աշխատողները, սովորողները կարող են դառնալ ծրագրի շահառու»,-ասել է նա։
Շահառուները կարող են հեծանիվ գնել իրենց ընտրած ցանկացած խանութից ապառիկ ձևով, իսկ վարկի տոկոսադրույքի մի մասը՝ մինչև 16%, կփոխհատուցի պետությունը։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանն ընդգծել է, որ ուսումնական հաստատությունները խրախուսման մեխանիզմներ են մշակում՝ աջակցելու իրենց ուսանողներին և աշխատակիցներին։
«Մի շարք ուսումնական հաստատություններ արդեն արձագանքել են։ Ունենք բուհեր, որոնք առաջարկել են հեծանիվի գնման պարագայում առաջին երեք ամիսների բանկային վճարումները փոխհատուցել։ Որոշ հաստատություններ հավելյալ կրթաթոշակի մեխանիզմ են նախատեսում ներդնել, իսկ մի շարք բուհեր էլ ուսման վարձի զեղչի տարբերակն են առաջարկում»,-ասel 1 Հայոցյանը։
Նրա խոսքով՝ բուհերի արձագանքը հիմնականում դրական է։ Որոշ հաստատություններ նաև քննարկում են հեծանվասպորտի խմբակներ ստեղծելու հնարավորությունը։
Հայոցյանը հիշեցրել է, որ նոր ուժի մեջ մտած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում հատուկ դրույթներ են ներառված բուհական սպորտի զարգացման ուղղությամբ։
«Սա մեր իրականության մեջ բավականին անտեսված ոլորտ է, և այն զարգացնելու համար աշխատանք ունենք անելու։ Հիմա բուհերում սպորտի զարգացման համար դրվել է օրենսդրական հիմք։ Գիտենք, որ եվրոպական երկրներում ուսանողական մարզական ակումբներ կան, որոնք միմյանց հետ մրցում են պետության մակարդակով, և ահա այս իմաստով խրախուսվում է, որ հայաստանյան բուհերը նախաձեռնողական լինեն այդ հարցում»,-ասել է նա։
Նախաձեռնությունն ուղղված է ոչ միայն առօրյա տեղաշարժի հարմարեցմանը, այլև կրթական համակարգում հեծանվային մշակույթի և սպորտի ընդլայնմանը։






